Ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, անվանի ըմբիշ Ռոման Ամոյանը մեկնաբանել է իր եղբորորդու՝ Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանի վերջին հաջողությունն աշխարհի առաջնությունում. Մալխասը հռչակվեց մեծահասակների աշխարհի չեմպիոն:
«Փառք ու պատիվ մեր մարզիչներին: Ունենք լավ թիմ ու լավ մարզիչներ, ովքեր լավ էին պատրաստել տղաներին այս առաջնությանը: Ավելի շատ մեդալների հնարավորություն ու սպասելիքներ ունեինք, ցավոք, չստացվեց: Հուսով եմ՝ բոլոր սխալները կշտկեն տղաները, իսկ հաջորդ մրցաշարերում մեր մեդալները կավելանան:
Այս մրցաշարին շատ յուրահատուկ էինք մոտեցել, քանի որ Եվրոպայի առաջնությունում սխալներ էինք թույլ տվել։ Ապրի Մալխասը, փայուն գոտեմարտեր անցկացրեց, շտկեց նախորդ սխալները: Եզրափակչում Մալխասն ակտիվ էր, բայց պասիվություն տվեցին ու չորեքթաթ վիճակ դրեցին, որում մրցակից ռուս ըմբիշը շատ ուժեղ Է: Մալխասը լավ պաշտպանվեց ու հաջողության հասավ:
Այն, որ այս ծանր պայմաններում Մալխասն այս հաղթանակը բերեց մեր երկրին, ինձ համար մեծ ուրախություն է: Շնորհակալ ենք բոլորին աջակցության ու մեր կողքին լինելու համար»,- ասել է Ռոման Ամոյանը: