Հայաստանի Բաձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի վերջին խաղում «Արարատը» Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունել է «Ուրարտուին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման միակ գնդակը խաղի 54-րդ րոպեին հեղինակել է տանտերերի ռուս կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն. ներխուժելով մրցակցի տուգանային հրապարակ՝ Խուրցիձեն աջ եզրից ստացել է գնդակն ու այն ուղարկել Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը:
Առհասարակ, սա հանդիպման սակավ վտանգավոր պահերից մեկն էր: Առաջին կեսն անցավ գրեթե հավասար պայքարում, իսկ երկրորդ կեսում թիմերը ևս մի քանի գոլային պահ կարողացան ստեղծել միմյանց դարպասների մոտ. սակայն ավելին անել չստացվեց:
Նշենք՝ այս խաղում Բարձրագույն խմբում իր նորամուտը նշեց «Ուրարտուի» և Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականի հարձակվող Գևորգ Տարախչյանը:
Այս հանդիպումից հետո «Արարատն» իր միավորների թիվը հասցրել է 31-ի և բարձրացել մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական՝ հավասարվելով 3-րդ տեղում ընթացող «Ալաշկերտին»: Իսկ «Ուրարտուն» շարունակում է 8-րդ տեղը զբաղեցնել՝ իր ակտիվում ունենալով 28 միավոր: