Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը «Սպորտ Գիլոյանի հետ» հաղորդման ժամանակ խոսել է կորոնավիրուսի առաջացրած բացասական հետևանքների մասին.
«Վստահեցնում եմ՝ Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի և այլ երկրների ծանրորդներն այս ընթացքում մարզվել են: Գտել են դահլիճներ, մեկուսացվել են ու մարզվել: Ես էլ ցանկանում էի նույն կերպ վարվել՝ հավաքականի հետ մեկուսացվելով Աբովյանում, բայց թույլ չտվեցին: Ինչու՞: Ի՞նչ կլիներ, որ բժշկի գլխավորությամբ 12 հոգի մեկուսանար այդտեղ: Նույնիսկ հավաքարարին թույլ չէինք տալիս գար, մենք էինք մաքրում: Ոչ մեկի հետ չէինք պատրաստվում շփվել: Մեզ պետք էր մարզվել, բայց չթույլատրեցին: Մի գաղտնիք բացեմ. մենք պատրաստվում էինք ձեռնոց նետել Լաշա Տալախաձեին: Գոռը շատ աշխատասեր է և մոտենում էր Լաշայի արդյունքին, բայց երկու ամիս չմարզվելուց հետո մենք պետք է դեռ երկար մարզվենք՝ նախկին մարզավիճակին վերադառնալու համար, իսկ Տալախաձեն ամեն օր մարզվել է: Պատրաստվում էինք նաև նոր ռեկորդներ գրանցել»,-ասել է Ալավերդյանը: