ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C2 խմբի շրջանակում Հայաստանի հավաքականը վաղը՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Չեռնոգորիայի ընտրանուն։
Չեռնոգորիայի հավաքականը երրորդ անգամ է ժամանել Երևան։ Նախորդ երկու այցերի ընթացքում թիմը պարտվել է՝ 2:3 և 0:1 հաշվով։ Նախախաղային մամուլի ասուլիսին Չեռնոգորիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միրկո Վուչինիչը հայտարարել է, որ Հայաստանի դեմ Ազգերի լիգայի հանդիպմանը թիմը կխաղա երեք հարձակվողով։ Միաժամանակ մասնագետը նշել է, որ կազմի որոշ փոփոխություններ նույնպես կլինեն։
«Կխաղանք երեք հարձակվողով։ Դա հարձակողական է, թե ոչ՝ դուք ինքներդ որոշեք։ Կարևոր է, որ բոլորը վազեն, պայքարեն, լինեն մեկ ամբողջություն և միասնականություն ցուցաբերեն։ Դա է այն, ինչ ես նրանցից պահանջում եմ»,- Վուչինիչի խոսքերը մեջբերում է Vijesti-ն։
Վուչինիչը նշել է, որ Հայաստանի դեմ խաղում կազմի փոփոխություններ կլինեն։
«Կազմում փոփոխություններ կլինեն։ Թիմի յուրաքանչյուր գծում մեկական ֆուտբոլիստ կփոխարինենք։ Կտեսնենք՝ արդյոք ևս որոշ փոփոխություններ կլինեն»,- ասել է Չեռնոգորիայի հավաքականի գլխավոր մարզիչը։
Մասնագետը նաև ընդգծել է, որ հանդիպման ընթացքը մեծապես կախված կլինի հենց Չեռնոգորիայի խաղից։
«Տնային խաղերում նրանք, անկասկած, ավելի շատ են ձգտում հաղթանակի։ Այստեղ նրանք երկու անգամ հաղթել են մեզ։ Շատ բան կախված է մեզանից՝ արդյո՞ք Հայաստանը ավելի շատ կհարձակվի և ավելի շատ կվերահսկի գնդակը»,- նշել է Վուչինիչը։
Մարզիչը նաև խոսել է ֆուտբոլիստներին փոխանցած գլխավոր ուղերձի մասին։
«Մենք պետք է հաղթանակի և արդյունքի ծարավ լինենք։ Մենք կարող ենք առաջադիմել միայն այն դեպքում, եթե միասին թիավարենք նույն ուղղությամբ»։
Վուչինիչը չի թաքցրել, որ Չեռնոգորիայի նպատակն է հաղթել Երևանում և Ազգերի լիգայի C2 խմբում զբաղեցնել առաջին տեղը։
«Մենք նպատակ ունենք։ Որպես ֆուտբոլիստ և այժմ արդեն որպես մարզիչ՝ միշտ ձգտել եմ առավելագույնը ստանալ։ Անկասկած, գնում ենք հաղթանակի հետևից, իսկ թե որքան գոհ կլինեմ արդյունքից, կախված կլինի խաղի զարգացումից։ Նպատակն, իհարկե, խմբում առաջին տեղը զբաղեցնելն է, բայց ամենակարևորը միշտ հաջորդ հանդիպումն է»,- ասել է նա։
Միաժամանակ Վուչինիչը նշել է, որ Հայաստանի դեմ հաղթանակը դեռևս որոշիչ չի լինի խմբում առաջին տեղը զբաղեցնելու պայքարում։
«Ոչ մի արդյունք մեզ չի մոտեցնի առաջին տեղին։ Ինչ արդյունք էլ գրանցվի, մենք դեռ պայքարի մեջ ենք՝ հաղթանակ, ոչ-ոքի կամ այն ելքը, որի մասին հիմա նույնիսկ չեմ ցանկանում խոսել։ Ֆուտբոլիստները դա պետք է իմանան»։
Երկու հավաքականներն էլ Ազգերի լիգայի այս խաղարկությունը սկսել են հաղթանակով․ Չեռնոգորիան 2:1 հաշվով հաղթել է Կիպրոսին, իսկ Հայաստանը 2:0 հաշվով՝ Լատվիային։
Հիշեցնենք, որ վաղը կայանալիք հանդիպման մեկնարկը 20։00-ին է։
Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։ Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 28-ին կընդունի Չեռնոգորիայի հավաքականին, որից հետո արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի ու Չեռնոգորիայի ընտրանիների հետ։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































