Կատալոնական Sport պարբերականի անցկացրած կարճ հարցման ժամանակ «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուին հարցրել են, թե որ մարզադաշտերն են իրեն տպավորել իրենց մթնոլորտով և դարձել ամենասիրելին։
Այն հարցին, թե որ արենան է նրան ամենաշատը հիացրել աշխարհում, պորտուգալացին նշել է «Լիվերպուլի» մարզադաշտը։ Այնուհետև Ֆիգուին խնդրել են առանձնացնել իր սիրելի և ամենատպավորիչ մթնոլորտն ունեցող մարզադաշտը Իսպանիայում։ Նա բացառել է «Բարսելոնայի» և «Ռեալի» մարզադաշտերն ու պատասխանել.
«Հավանաբար, «Սան Մամեսը»»։
Ֆիգուից հետաքրքրվել են նաև, թե իր կարիերայի որ գոլն է համարում լավագույնը։
«Ընտրելը հեշտ է, քանի որ ես այնքան էլ շատ գոլեր չեմ խփել։ Ընտրում եմ այն գնդակը, որը խփել եմ Անգլիայի հավաքականի դեմ խաղում՝ Եվրոպայի առաջնության ժամանակ»։
Հիշեցնենք, որ Լուիշ Ֆիգուն կարիերան ավարտել է 2009 թվականին՝ որպես Միլանի «Ինտերի» խաղացող։ Նա պաշտպանել է նաև պորտուգալական «Սպորտինգի», «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» գույները։
























































