Անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին, որն այժմ ազատ գործակալի կարգավիճակում է, կարող է կարիերան շարունակել Եվրոպայի սահմաններից դուրս։ 39-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է բրազիլական «Սան Պաուլուն»։ Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ բրազիլական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել հարձակվողի հետ՝ հնարավոր համագործակցությունը քննարկելու նպատակով։ Վարդին ունի կարիերան շարունակելու մի քանի տարբերակ, նա դեռ ուսումնասիրում է դրանք և ապագայի հարցում վերջնական որոշում դեռ չի կայացրել։
Հիշեցնենք, որ Ջեյմի Վարդին առավել հայտնի է «Լեսթերում» իր ելույթներով, որի գույները պաշտպանել է 2012-ից մինչև 2025 թվականը։ Այդ ընթացքում նա դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն, նվաճել է Անգլիայի գավաթն ու Սուպերգավաթը, ինչպես նաև երկու անգամ հաղթել է Չեմպիոնշիփում։
Անգլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվողը նախորդ մրցաշրջանն անցկացրել է իտալական «Կրեմոնեզեում», որտեղից հեռացել է առաջնության ավարտից հետո՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Իր ֆուտբոլային կենսագրության ընթացքում նա հանդես է եկել նաև «Հալիֆաքս Թաունում» և «Ֆլիթվուդ Թաունում»։
Նշենք, որ «Սան Պաուլուն» Բրազիլիայի Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում 22 տուրից հետո վաստակել է 27 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։




























































