«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոզեպ Բարտոմեուն 2021 թվականին Լիոնել Մեսսիի հեռանալը կատալոնական ակումբից անվանել է պատմական սխալ՝ ընդգծելով, որ թիմի ներկայիս ֆինանսական խնդիրները մասամբ պայմանավորված են արգենտինացու բացակայությամբ։
«Նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է, ով մեզ է նվիրել ակումբի պատմության լավագույն տարիները։ Երբ ես դեռ նախագահ էի, մենք նախատեսում էինք, որ նա Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո կտեղափոխվի «Ինտեր Մայամի»։ Դևիդ Բեքհեմն արդեն ժամանել էր Բարսելոնա, դա նրա համար կարևոր նպատակ էր։ Նա, ի վերջո, պայմանագիր կնքեց Լեոյի հետ, բայց, ցավոք, մենք չկարողացանք մինչև վերջ վայելել նրա խաղը «Բարսայում»»,- նշել է Բարտոմեուն։
Նախկին նախագահի խոսքով՝ Մեսսիի հեռանալը մեծ հարված էր ակումբին ոչ միայն սպորտային, այլև տնտեսական ու կոմերցիոն տեսանկյունից.
«Նրա հեռանալն ինձ պատմական սխալ թվաց։ Այն ֆինանսական խնդիրները, որոնց մենք բախվեցինք վերջին տարիներին, մասամբ կապված են նման տրամաչափի խաղացողի բացակայության հետ։ Բավական է միայն նայել ՊՍԺ-ի կամ «Ինտեր Մայամիի» ցուցանիշներին։ Նա շատ ավելին է, քան պարզապես ֆուտբոլիստ»։
Անդրադառնալով Մեսսիի հայտնի բյուրոֆաքսին, որով նա ղեկավարությունից պահանջել էր խզել պայմանագիրը, Բարտոմեուն պարզաբանել է իրավիճակը և դրա նախապատմությունը.
«Այդ քայլը կարելի էր հասկանալ համավարակի պատճառով առաջացած ճգնաժամի ֆոնին։ Ես արդեն նշել եմ, որ աշխատակիցների աշխատավարձերը նվազեցվել էին 14%-ով, ինչը ակումբին թույլ տվեց խնայել մոտ 90 միլիոն եվրո։ Օգոստոսին նրանց խնդրեցինք գնալ ևս 20% կրճատման։ Ապա տեղի ունեցավ Լիսաբոնում Մյունխենի «Բավարիայից» կրած ջախջախիչ պարտությունը (2:8), և դա իմ նախագահության վատագույն օրերից մեկն էր։
Ռոնալդ Կումանը փոփոխություններ էր ուզում, Մեսսին որոշեց հեռանալ, բայց նա գործող պայմանագիր ուներ։ Ես մերժեցի նրա խնդրանքը, քանի որ նա խիստ անհրաժեշտ էր «Բարսային»»,- եզրափակել է ակումբի նախկին ղեկավարը։




























































