Սերբիայի գավաթի խաղարկության եզրափակիչի շրջանակում «Ցրվենա Զվեզդան» մրցեց «Վոյվոդինայի» հետ: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով:
«Վոյվոդինայի» կազմում գոլերի հեղինակ դարձան Կորնել Սյուչը 2-րդ և Միլոշ Վիդոսավլևիչը 35-րդ րոպեներին: Բելգրադյան ակումբի կազմում 54-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ մրցակցի ֆուտբոլիստ Ջորջե Ցրնոմարկովիչը, իսկ հիմնական ժամանակի ավելացված 6-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ռոդրիգաոն՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ:
Հաղթողին որոշելու համար նշանակված հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստները՝ առավելության հասնելով 5:4 հաշվով և նվաճելով մրցաշարի տիտղոսը: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջական հանդիպում՝ իր անմիջական մասնակցությունն ունենալով գավաթի նվաճման գործում:
Հիշեցնենք, որ սա հայ պաշտպանի երկրորդ տիտղոսն է սերբական ակումբի կազմում: Ավելի վաղ «Ցրվենա Զվեզդան» ժամկետից շուտ ապահովել էր հաղթանակը Սերբիայի առաջնությունում, ինչի արդյունքում Թիկնիզյանը դարձել էր երկրի չեմպիոն: Այսպիսով, Նաիրն ընթացիկ մրցաշրջանում ձևակերպեց ներքին դուբլ՝ հաղթելով առաջնությունում և նվաճելով ազգային գավաթը:




























































