Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ Բելգրադի «Ցրվենա Զվեզդայից»։ Այս մասին հաղորդում է սերբական Mozzartsport պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ բելգրադյան ակումբը դիտարկում է ձախ պաշտպանի դիրքում հանդես եկող ֆուտբոլիստներից մեկի՝ Նաիր Թիկնիզյանի կամ Ադեմ Ավդիչի վաճառքի տարբերակը։ Պատճառն այն է, որ «Ցրվենա Զվեզդան» լրջորեն հետաքրքրված է «Զալցբուրգի» ձախ պաշտպան Ալեքսա Թերզիչի ծառայություններով։ Սակայն ակումբը նրա տրանսֆերի ուղղությամբ հստակ քայլեր չի ձեռնարկի, քանի դեռ չի ազատել թիմի կազմն ու բյուջեն այդ դիրքի համար։
Ակումբի ղեկավարությունը հասկանում է, որ ամռանը գոնե մեկ ձախ պաշտպանի հեռանալը միանգամայն իրատեսական սցենար է։ Ընդ որում, միանգամից երկու խաղացողի վաճառքը նույն դիրքից չափազանց ռիսկային է համարվում, քանի որ դա կարող է թուլացնել կազմի խորությունը նոր մրցաշրջանի մեկնարկից և եվրագավաթային կարևոր հանդիպումներից առաջ։
Նշվում է, որ հայ ֆուտբոլիստի տրանսֆերը Սերբիայի չեմպիոնին կարող է բերել մոտ 5 միլիոն եվրո եկամուտ։ «Ցրվենա Զվեզդայի» համար նման գործարքը ֆինանսապես խիստ շահավետ կլինի, քանի որ ժամանակին ակումբը Թիկնիզյանին ձեռք էր բերել 2 միլիոն եվրոյից էլ պակաս գումարով։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը «Ցրվենա Զվեզդայի» կազմում հռչակվեց Սերբիայի չեմպիոն։ Սա Նաիրի կարիերայում ազգային առաջնության մակարդակով նվաճած առաջին տիտղոսն էր։ Այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում նա անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ըստ հեղինակավոր Transfermarkt պորտալի՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 5 միլիոն եվրո։




























































