UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը հայտարարել է, որ ոչ մի կոնֆլիկտ չունի UFC-ի գործադիր տնօրեն Դանա Ուայթի և պրոմոուշենի գործադիր փոխնախագահ ու կոմերցիոն տնօրեն Հանթեր Քեմփբելի հետ։
«Ես կզանգահարեմ Դանային և Հանթերին, որպեսզի նրանք լինեն այնտեղ (Սպիտակ տանը), քանի որ ես նրանց սիրելի մարտիկն եմ։ Այլևս ոչ մի մոլագար, այլ պարզապես լավ տղա»,- Ծառուկյանի խոսքերն է մեջբերում PBD Podcast-ը։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Սպիտակ տանը կկայանա UFC Freedom 250 մրցաշարը, որի գլխավոր իրադարձության շրջանակում Իլիա Թոփուրիան և Ջասթին Գեյջին կվիճարկեն թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին։
Արման Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265 մրցաշարում։ Այդ մենամարտի երկրորդ ռաունդում նա խեղդող հնարքով տպավորիչ հաղթանակի հասավ Դեն Հուկերի նկատմամբ։ Հայ մարտիկի ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն։




























































