Սերբական ֆուտբոլի գլխավոր հակամարտությունը՝ բելգրադյան դերբին, ավարտվեց «Ցրվենա Զվեզդայի» տպավորիչ հաղթանակով։ Առաջնության 33-րդ տուրի շրջանակներում թիմը 3:0 հաշվով անզիջում պայքարում ջախջախեց իր հավերժական մրցակից «Պարտիզանին»՝ մրցաշրջանի ավարտից դեռ չորս տուր առաջ պաշտոնապես ապահովելով երկրի չեմպիոնի կոչումը։
Այս նվաճումն առանձնահատուկ էր գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչի համար։ Մասնագետը, ով 2024 թվականի մայիսից գլխավորում էր Մոսկվայի «Սպարտակը» և թիմից հեռացել էր ձմեռային դադարի ժամանակ, ստանձնեց սերբական ակումբի ղեկն ամենաբարդ փուլում. այդ ժամանակ թիմը մեկ միավորով զիջում էր «Պարտիզանին»։ Սակայն մարզչական ճիշտ մոտեցման շնորհիվ պատկերը կտրուկ փոխվեց. այժմ «Ցրվենա Զվեզդան» իր ակտիվում ունի 82 միավոր՝ անհասանելի 17 միավորով առաջ անցնելով երկրորդ հորիզոնականում հանգրվանած «Պարտիզանից» (65 միավոր)։
Չեմպիոնական այս հանդիպմանն իր մասնակցությունն ունեցավ նաև Հայաստանի ազգային ընտրանու պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով խաղադաշտ մտավ հանդիպման 89-րդ րոպեին։ 26-ամյա ֆուտբոլիստի համար սա առաջին նվաճումն էր սերբական գրանդի կազմում։
Հիշեցնենք, որ հայ պաշտպանը վերջին անգամ տիտղոս բարձրացրել էր գլխավերևում 2018/19 մրցաշրջանում, երբ Մոսկվայի ԲԿՄԱ-ի շարքերում դարձել էր Ռուսաստանի Սուպերգավաթակիր։
Սա բելգրադյան ակումբի պատմության մեջ 37-րդ չեմպիոնությունն է։ «Ցրվենա Զվեզդան» շարունակում է իր գերիշխանությունը՝ հռչակվելով Սերբիայի չեմպիոն արդեն 9 տարի անընդմեջ։



























































