UFC-ի միջին քաշային կարգի գործող չեմպիոն, ԱՄԷ-ն ներկայացնող Խամզաթ Չիմաևն արձագանքել է իր ընկերոջ՝ թեթև քաշային կարգում UFC-ի դասակարգման աղյուսակի երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի՝ խառը մենամարտերում (MMA) կարիերան ավարտելուց հետո պրոֆեսիոնալ ռեստլինգ տեղափոխվելու հավանականությանը։
Ավելի վաղ «adam zubayraev» YouTube-յնա ալիքին տված հարցազրույցում Ծառուկյանը հայտնել էր, որ ցանկանում է ուժերը փորձել ամերիկյան պրոֆեսիոնալ ռեստլինգում. «Հիմա ես ուզում եմ հանդես գալ WWE-ում։ Երբ ցատկում ես վանդակից, անում ես ամեն տեսակ խենթություններ։ WWE-ն հեշտ է։ Դու պարզապես ցատկում ես, շոու ես ցուցադրում։ Քեզ վճարում են 3-4 միլիոն դոլար՝ ոչնչի դիմաց։ Դրա համար նույնիսկ մարզվել պետք չէ»։
Այս հայտարարությանը Չիմաևը բավականին կոշտ է արձագանքել. «Եթե Արմանը տեղափոխվի WWE, նա այլևս իմ ընկերը չի լինի։ Եթե նա նման բան անի, ապա Հայաստանում նրան բանտ կնստեցնեն։ Դու ծաղրածու կդառնաս, եղբա՛յր։ Չի կարելի հանուն փողի անել այն ամենը, ինչ պատահի։ Եթե ինչ-որ մեկը քեզ առաջարկի 10 միլիոն դոլարի դիմաց ցած նետվել 10-րդ հարկից, դու դա կանե՞ս։ Այդ գումարն արդեն քեզ պետք չի լինի», — նշել է Չիմաևը։
Նշենք, որ World Wrestling Entertainment-ը (WWE) ամերիկյան պրոֆեսիոնալ ռեստլինգի խոշորագույն պրոմոուշենն է, որը կազմակերպում է սպորտային և թատերականացված շոուներ։ Ի տարբերություն ավանդական մարտարվեստների, WWE-ի մենամարտերն իրական մրցակցություն չեն. դրանք նախապես բեմադրված են, պարունակում են ակրոբատիկ հնարքներ, սցենարային զարգացումներ և կրում են բացառապես զվարճալի բնույթ։ Մարզիկներն այստեղ հանդես են գալիս ավելի շատ որպես դերասան-կասկադյորներ։



























































