Պորտուգալիայի հավաքականի միանգամից երկու ֆուտբոլիստ հայտնվել է «Բարսելոնայի» հետաքրքրությունների կենտրոնում։ Ինչպես հաղորդում է իսպանական Mundo Deportivo պարբերականը, կատալոնական ակումբը դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» 31-ամյա կիսապաշտպան Բեռնարդու Սիլվային և Լոնդոնի «Չելսիի» 26-ամյա եզրային հարձակվող Պեդրու Նետուին ձեռք բերելու հնարավորությունը։
«Կապտանռնագույնները» մտադիր են առաջիկա ամռանն ուժեղացնել թիմի հարձակման գիծը, և այս երկու խաղացողներն էլ դիտարկվում են որպես իդեալական թեկնածուներ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Բեռնարդու Սիլվան կատալոնական գրանդին կկարողանա միանալ ազատ գործակալի կարգավիճակով. նա չի պատրաստվում երկարաձգել «քաղաքայինների» հետ ավարտվող պայմանագրի ժամկետը։
Ինչ վերաբերում է Պեդրու Նետուին, ում տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 60 միլիոն եվրո, ապա նա հավանաբար կդիտարկի ակումբը փոխելու տարբերակը, եթե ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով «Չելսին» չկարողանա նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։























































