ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին արձագանքել է Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու որոշմանը։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով Ֆրանսիայի իշխանությունները որոշել են արգելել մասսայական միջոցառումների անցկացումը մինչև սեպտեմբեր։
Ալ-Խելայիֆին հայտարարել է, որ հարգում է ֆրանսիայի կառավարության որոշումն ու որ ակումբը ստիպված կլինի Չեմպիոնների լիգայի տնային խաղերն անցկացնել Ֆրանսիայի սահմաններից դուրս։ Ավելի վաղ ՊՍԺ-ն դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ՝ 1/8 եզրափակիչ փուլից դուրս թողնելով Դորտմունդի «Բորուսիային»․
«Մենք հարգում ենք ֆրանսիական կառավարության որոշումը։ ՈՒԵՖԱ-ի համաձայնությամբ՝ մենք մտադիր ենք մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլերին այն տեղում և այն ժամանակ, երբ դրանք կկազմակերպվեն։
Եթե Ֆրանսիայում խաղալը հնարավոր չլինի, մենք կխաղանք երկրի սահմաններից դուրս՝ երաշխավորելով, որ մեր ֆուտբոլիստներն ու ամբողջ անձնակազմը կլինեն առողջական ամենալավ վիճակում»,- Ալ-Խելայիֆիի խոսքերն է փոխանցում ESPN-ը։