UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանն առաջարկել է իր քաշային կարգում UFC-ի չեմպիոն Իլիա Թոփուրիային մենամարտել անմիջապես հունիսի 14-ին կայանալիք Ջասթին Գեյջիի դեմ մենամարտից հետո։
Օրերս Թոփուրիան հայտարարել էր, թե Ծառուկյանն իրեն մրցակից չէ, և հայազգի մարտիկը ոչինչ չի կարող անել օկտագոնում, անգամ՝ իրեն պարտեր տեղափոխել։
«Կտեսնենք, թե ինչ կլինի մենամարտում,- Արիել Հելվանիին տված հարցազրույցում նշել է Ծառուկյանը։ — Կտեսնենք, թե ինչպես նրան չեմ տապալի։ Ես ցանկացածին կարող եմ տապալել։ Իսկ այն խոսակցությունների վերաբերյալ, թե նա ծնոտս կկոտրի՝ թող փորձի ինչ ուզում է։ Պարզապես համաձայնիր մենամարտել»։
Հայ մարտիկը նաև կասկածի տակ է դրել Թոփուրիայի ինքնավստահությունը․
«Ինչո՞ւ է նա խուսափում մենամարտից, եթե այդքան վստահ է, որ առաջին ռաունդում հեշտությամբ կհաղթի ինձ։ Պարզապես պայմանագիր ստորագրիր այս մենամարտից [Գեյջիի հետ] անմիջապես հետո և մի փոխիր քաշային կարգդ։ Ինչո՞ւ բարձրանալ այլ քաշ, եթե ես այդքան հեշտ մրցակից եմ քեզ համար»։
Նշենք, որ Թոփուրիան պատրաստվում է բարձրանալ կիսամիջին քաշային կարգ՝ հանուն մեծ մենամարտի UFC-ի չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ։ Հաղթանակի դեպքում նա կարող է դառնալ UFC-ի չեմպիոն երեք տարբեր քաշային կարգերում, սակայն Ծառուկյանը վստահ է, որ ի չիք կդարձնի իսպանացի մարտիկի պատրանքները կամ էլ կվերջացնի նրա գործը Մախաչևից հետո։
«Նա իրեն պահում է անպարտելի գերաստղի պես, բայց դա այդպես չէ։ Ես նրան երկինքներից կիջեցնեմ հողին,- հայտարարել է Ծառուկյանը։ — Եթե նա բարձրանա այլ քաշային կարգ, ամեն ինչ նորմալ է։ Իսլամը նրա հախից կգա, նա կվերադառնա, այնուհետև ես նրա հախից կգամ, ու վերջում UFC-ն նրան դուրս կշպրտի»։
Ծառուկյանն անարձագանք չի թողել նաև Թոփուրիայի հնչեցրած անձնական վիրավորանքներին ու իրեն «հիմար» անվանելուն։
«Ես տղամարդ եմ, իսկ նա՝ ոչ։ Նա սափրում է իր հետույքը, ձեռքերն ու ոտքերը։ Ես, համենայնդեպս, տղամարդ եմ ու նման բաներ չեմ անում,- եզրափակել է Ծառուկյանը։ — Նրա ոտքերին մեկ հատ մազ անգամ չկա․ ի՞նչ եք կարծում, հետույքի վրա թողե՞լ է»։




























































