UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը հայտնել է աշխարհի առաջատար MMA պրոմոուշենի հետ նոր, շահավետ պայմանագիր ստորագրելու մասին: Հայ մարտիկի խոսքով՝ նոր համաձայնագրով իր աշխատավարձը կրկնապատկվել է։
Ծառուկյանը մանրամասնել է, որ մարտիկների եկամուտների աճը պայմանավորված է «Paramount» ընկերության հետ UFC-ի կնքած խոշոր գործարքով։
«Այդ համաձայնագրից հետո կազմակերպությունը սկսեց շատ ավելի մեծ գումարներ վճարել։ Պայմանագրերը վերանայվեցին ինչպես իմ, այնպես էլ այլ մարտիկների և չեմպիոնների հետ։ Նրանք, ովքեր նախկինում ստանում էին 2 միլիոն դոլար, այժմ կվաստակեն 4 միլիոն»,- նշել է Ծառուկյանը «Ryan Garcia Kick» Youtube-յան ալիքում հրապարակված տեսանյութում։
Չնայած այս դրական տեղաշարժին՝ 29-ամյա մարզիկն ընդգծել է, որ խառը մենամարտերում վարձատրությունը դեռևս զգալիորեն զիջում է բռնցքամարտին։
«Իհարկե, սա դեռ բռնցքամարտիկների հոնորարներից հեռու է, բայց վստահ եմ, որ 3-4 տարվա ընթացքում պատկերը հաստատ կփոխվի. այսպես անվերջ շարունակվել չի կարող։ Իմ կարծիքով՝ այն մարտիկը, որը UFC-ի չեմպիոն է և պաշտպանում է իր գոտին, պետք է վաստակի առնվազն 10 միլիոն դոլար»,- հավելել է Արման Ծառուկյանը։
Նշենք, որ խառը մենամարտերի (MMA) իր պրոֆեսիոնալ կարիերայում Արման Ծառուկյանն ընդհանուր առմամբ անցկացրել է 26 հանդիպում՝ տոնելով 23 հաղթանակ և գրանցելով 3 պարտություն։ Նա իր վերջին մենամարտը UFC-ում անցկացրել է 2025 թվականի նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։



























































