Մադրիդի «Ռեալի» բժշկական շտաբն անհավանական և կոպիտ սխալ է թույլ տվել թիմի հարձակվող Կիլիան Մբապեի վնասվածքի ախտորոշման գործընթացում։ Այս աղմկահարույց վրիպումը ոչ միայն կարող էր արժենալ ֆրանսիացու մասնակցությունը 2026 թվականի աշխարհի առաջնությանը, այլև դարձել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի կողմից բժիշկներին աշխատանքից ազատելու գլխավոր պատճառը։
Ինչպես հաղորդում են իսպանական և ֆրանսիական մի շարք հեղինակավոր աղբյուրներ, մասնավորապես՝ COPE ռադիոկայանն ու RMC-ի After Foot հաղորդման եթերում լրագրող Դանիել Ռիոլոն, մադրիդյան ակումբի բժիշկները դեռևս 2025 թվականի դեկտեմբերին ֆուտբոլիստի ստացած վնասվածքի ժամանակ սխալմամբ հետազոտել են նրա առողջ՝ աջ ծունկը, վնասված ձախի փոխարեն։ Նշվում է, որ նման բարձր մակարդակում այս միջադեպն ավելի շատ հիշեցնում է զավեշտալի կատակներն այն մասին, երբ ատամնաբույժը հեռացնում է պացիենտի առողջ ատամը։
Սխալ եզրակացության պատճառով Մբապեն շարունակել է մարզվել և նույնիսկ մի քանի հանդիպում անցկացնել՝ խաղալով սուր ցավերի ուղեկցությամբ։ Ավելի ուշ ինքը՝ հարձակվողն, անուղղակիորեն հաստատել էր հետազոտության հետ կապված խնդիրների առկայությունը՝ նշելով, որ իր բախտը պարզապես բերել է, երբ Փարիզի մասնագետները կարողացել են վերջապես ճշգրիտ ախտորոշում տալ:
Ռիոլոյի պնդմամբ՝ հենց այս խայտառակ միջադեպն է լցրել Ֆլորենտինո Պերեսի համբերության բաժակը և դարձել հունվարին կայացրած արմատական որոշման պատճառը, երբ ակումբից հեռացվեց ողջ բժշկական անձնակազմը։
«Ասում են՝ «Ռեալում» հետազոտել են ոչ թե վնասված, այլ առողջ ծունկը։ Կարծում եք՝ ես հիմարություններ եմ դո՞ւրս տալիս։ «Ռեալն» աշխատանքից ազատեց բոլորին։ Այո՛, հենց այդպես: Պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչպիսի հարված է նման մակարդակի ակումբի համար»,- նշել է Դանիել Ռիոլոն։
Այժմ Կիլիան Մբապեն լիովին ապաքինվել է և հրավիրվել Ֆրանսիայի ազգային հավաքական՝ նախապատրաստվելու Բրազիլիայի և Կոլումբիայի ընտրանիների դեմ առաջիկա ընկերական մրցավեճերին։



























































