Ժոան Լապորտան վերընտրվել է կատալոնական «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում։ Քվեարկությունում տարած հաղթանակից անմիջապես հետո նա անդրադարձել է ակումբի լեգենդ Լիոնել Մեսիին։
«Լեոն «Բարսելոնայի» հետ կհամագործակցի այն ձևաչափով, որն ինքը կնախընտրի։ Մեր դռները նրա առջև միշտ բաց են. նա կարող է վերադառնալ ցանկացած պահի՝ շարունակելու ամրապնդել և մեծություն հաղորդել այս կառույցին՝ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբին»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում TV3 հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին հեռացել է «Բարսելոնայից» 2021 թվականին։ Այն ժամանակ ֆինանսական ճգնաժամի ֆոնին «կապտանռնագույնները» չկարողացան արգենտինացուն նոր պայմանագիր առաջարկել։ Ներկայումս Մեսին հանդես է գալիս ամերիկյան MLS-ում՝ պաշտպանելով «Ինտեր Մայամիի» գույները։ Հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ավարտը։























































