Իրանի սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին հայտարարել է, որ երկրի ազգային հավաքականը չի կարող մասնակցել աշխարհի 2026 թվականի առաջնությանը, որն այս ամռանը կանցկացվի ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում:
«Այն բանից հետո, երբ կոռումպացված կառավարությունը սպանեց մեր առաջնորդին, այլևս չկան պայմաններ, որոնք մեզ թույլ կտան մասնակցել աշխարհի առաջնությանը: Իրանի դեմ իրականացված դաժան գործողությունների ֆոնին, երբ 8 կամ 9 ամսվա ընթացքում մեզ երկու պատերազմ պարտադրեցին, ինչի հետևանքով մեր հազարավոր հայրենակիցներ զոհվեցին, ստեղծված հանգամանքներում մենք միանշանակ հնարավորություն չունենք մասնակցելու մրցաշարին»,- Դոնյամալիի խոսքերը մեջբերում է TV2 հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն ավիահարվածներ են հասցրել Իրանին, ինչին ի պատասխան՝ Իսլամական Հանրապետությունը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի, Պարսից ծոցի երկրների և մերձակա այլ պետությունների ուղղությամբ:
























































