Իսպանական «Էլչե» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ռաֆա Միրը կարող է ազատազրկվել 10,5 տարով։ Ֆուտբոլիստին ծանր մեղադրանք է առաջադրվել սեռական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար։ Այս մասին հայտնում է իսպանական հեղինակավոր Marca պարբերականը։
Ըստ նախաքննության նյութերի՝ ֆուտբոլիստն իր առանձնատանը հանցագործություն է կատարել 21-ամյա աղջկա նկատմամբ։ Իսպանիայի դատախազությունը պահանջում է Միրին դատապարտել ընդհանուր առմամբ 10,5 տարվա ազատազրկման, որից 9 տարին՝ սեռական հանցագործության, իսկ 18 ամիսը՝ ֆիզիկական և հոգեբանական բռնություն գործադրելու համար։ Բացի այդ, մեղադրող կողմը պահանջում է տուժողին վճարել 64 հազար եվրոյի չափով դրամական փոխհատուցում։
Հարկ է հիշեցնել, որ Ռաֆա Միրն այս քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր դեռևս 2024 թվականին, սակայն համապատասխան ցուցմունք տալուց հետո ազատ էր արձակվել։
Գործով որպես մեղադրյալ անցնում է նաև մեկ այլ ֆուտբոլիստ՝ Պաբլո Խարան։ Նախաքննական մարմնի տվյալներով՝ դեպքի ժամանակ նա նույնպես գտնվել է Միրի տանը և հակաօրինական գործողություններ է կատարել մեկ այլ աղջկա նկատմամբ։




























































