Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, 18-ամյա հարձակվող Ֆինն Գերագուսյանը շարունակում է արդյունավետ ելույթներն Անգլիայում: Հայ ֆուտբոլիստը հերթական անգամ աչքի է ընկել Պրեմիեր լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակում։
Երեկ՝ մարտի 6-ին կայացած խաղում «Սանդերլենդի» Մ21 թիմը սեփական հարկի տակ 3:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Ուոթֆորդի» հասակակիցների նկատմամբ՝ նվաճելով կիսաեզրափակիչի ուղեգիր։ Գերագուսյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և 52-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը: Երկրորդ խաղակեսի միջնամասում նա փոխարինվել է։
Այս գոլը 18-ամյա հարձակվողի համար արդեն 13-րդն էր ընթացիկ մրցաշրջանում՝ ակումբի տարբեր տարիքային թիմերի կազմում անցկացրած խաղերում: Ինչ վերաբերում է «Սանդերլենդ Մ21»-ին, ապա թիմը տոնել է իր 6-րդ անընդմեջ հաղթանակը։
Հատկանշական է, որ հենց հանդիպման օրը հրապարակվել էր Հայաստանի ազգային հավաքական հրավիրված արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը, որտեղ Գերագուսյանի անունն ընդգրկված էր առաջին անգամ։ Երիտասարդ հարձակվողը կմիանա ազգային ընտրանուն՝ նախապատրաստվելու առաջիկա ընկերական հանդիպումներին։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Հայաստանի հավաքականն ուժերը կչափի Արաբական Միացյալ Էմիրությունների, իսկ մարտի 29-ին՝ Բելառուսի ընտրանու հետ։



























































