UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանն օկտագոնից դուրս պարապուրդի չի մատնվում՝ ակտիվորեն մասնակցելով ազատ ոճի ըմբշամարտի գոտեմարտերի: Վերջերս նա RAF 6 մրցաշարում Ջորջիո Պուլասի դեմ գոտեմարտից հետո ծեծկռտուք էր հրահրել մրցակցի հետ:
Նախկին մարտիկ Բրենդան Շաուբն իր շոուի նոր թողարկման ժամանակ հայտարարել է, որ «Ախալքալաքցու» էլիտար հմտությունները կստիպեն պրոմոուշենին աչք փակել նրա պահվածքի վրա.
«Միակ տղան, ով նրան հաղթելու շանս ունի, չեմպիոն Իլիա Թոփուրիան է: Մնացած բոլորով նա պարզապես հատակն է մաքրում։ UFC-ն այստեղ բարդ կացության մեջ է հայտնվել: Արմանը բարձրացրել է իր արժեքն ու ճանաչելիությունը: Սա հենց այն է, ինչ պրոմոուշենն ուզում է մարտիկներից: Ինչպե՞ս պատժել այս տղային… Նա չափազանց լավն է»,- նշել է Շաուբը:
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին Ծառուկյանը երկրորդ ռաունդում ստիպել էր հանձնվել Դեն Հուկերին: Այժմ հայ մարտիկն ունի հինգ անընդմեջ հաղթանակներից բաղկացած տպավորիչ շարք:



























































