Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հաստատել է թիմի եզրային հարձակվող Ռոդրիգո Գոեսի ծանր վնասվածքի մասին լուրերը։ 25-ամյա բրազիլացին շարքից դուրս է մնացել տևական ժամանակով և ստիպված կլինի բաց թողնել 2026 թվականի աշխարհի առաջնությունը:
«Այսօր անցկացված բուժզննման արդյունքում մեր ֆուտբոլիստ Ռոդրիգոյի մոտ ախտորոշվել է աջ ոտքի առաջային խաչաձև կապանի և արտաքին մենիսկի պատռվածք»,- նշված է «արքայական» ակումբի տարածած հայտարարության մեջ։
Վինգերը ճակատագրական վնասվածքը ստացել է Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ խաղում (0:1)։ Հատկանշական է, որ Ռոդրիգոն «Սանտյագո Բեռնաբեուում» կայացած հանդիպմանը փոխարինման էր դուրս եկել 55-րդ րոպեին և, չնայած ստացած վնասվածքին ու ցավին, խաղացել է մինչև մրցավեճի եզրափակիչ սուլիչը։
Ինչպես հայտնում է իսպանական ազդեցիկ Marca պարբերականը, ինչպես նաև լրագրող Արանչա Ռոդրիգեսը, վերականգնողական փուլը կպահանջի մոտ 10 ամիս։ Այսպիսով, Ռոդրիգոն բաց կթողնի ոչ միայն ակումբային մրցաշրջանի մնացած հատվածը, այլև Աշխարհի գավաթի խաղարկությունը։
Միջադեպին արդեն արձագանքել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF)՝ սոցիալական ցանցերում հրապարակելով զորակցության խոսքեր.
«Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան իր աջակցությունն է հայտնում Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգո Գոեսին, ով ծանր վնասվածք է ստացել Լա Լիգայի խաղում։ CBF-ն մաղթում է ֆուտբոլիստին շուտափույթ ապաքինում և արագ վերադարձ խաղադաշտ»։





















































