UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը բացահայտել է, թե ինչու է խուսափում իր մտերիմ ընկերոջը՝ միջին քաշային կարգի գործող չեմպիոն Խամզաթ Չիմաևին հրավիրել իր մասնակցությամբ մարզական միջոցառումներին։ Այս մասին Ծառուկյանը խոսել է լրագրող Արիել Հելվանիի հեղինակային փոդքասթի ժամանակ։
Խոսելով RAF06 մրցաշարում իր ունեցած ելույթի մասին՝ Ծառուկյանը պատմել է ընկերոջ հետ ունեցած զրույցի մանրամասները.
«Նա անմիջապես զանգահարեց ինձ ու հարցրեց. «Եղբա՛յր, ուզո՞ւմ ես թռչեմ գամ»։ Ես պատասխանեցի. «Մի՛ արի, հանգստացի՛ր»։ Խամզաթը նեղսրտեց. «Ինչո՞ւ ինձ չես հրավիրել։ Երբ դու մենամարտ ես ունենում, երբեք ինձ չես կանչում, մինչդեռ ես պետք է այնտեղ լինեմ»»։
Ծառուկյանի խոսքով՝ նման մերժումը հստակ հիմնավորում ունի և կապված է Չիմաևի բռնկուն բնավորության հետ.
«Մեզ պարզապես խորհուրդ չի տրվում միասին ներկա գտնվել մենամարտերի։ Մեզանից ո՞վ է ավելի տաքարյուն և անզուսպ. իհարկե, նա։ Իսկ գիտե՞ք, թե ինչու նա հաճախ չի հայտնվում ծեծկռտուքների և միջադեպերի կենտրոնում. պատճառն այն է, որ բոլորն ուղղակի վախենում են նրանից», — պարզաբանել է Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կայացած RAF 06 մրցաշարում Արման Ծառուկյանը 5-3 հաշվով հաղթել է ամերիկացի Ջորջիո Պուլասին, որից հետո մարզիկների և նրանց ներկայացուցիչների միջև սկսվել էր ծեծկռտուք։




























































