Մադրիդի «Ատլետիկոն» պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հաստատելով Բերգամոյի «Ատալանտայի» նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանի տրանսֆերի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։
Ինչպես հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը, ֆուտբոլիստն արդեն ժամանել է Մադրիդ՝ բուժզննում անցնելու և անձնական պայմանագիրը ստորագրելու նպատակով։
Ըստ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ տրանսֆերի արժեքը կազմել է 35 միլիոն եվրո։ Եվս 5 միլիոն եվրո իտալական ակումբը կարող է ստանալ որպես հավելավճար (բոնուս)՝ կախված ֆուտբոլիստի ելույթներից։
28-ամյա հարձակվողը «Ատալանտայի» կազմում հանդես էր գալիս 2022 թվականի ամառվանից։ Այդ ընթացքում նա ակումբի կազմում անցկացրել է 137 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 55 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ։
Լուկմանի կարիերայի գագաթնակետը իտալական ակումբում 2024 թվականն էր, երբ նա թիմի հետ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը։ Նույն տարում նիգերիացին ճանաչվեց Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ և զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներով։




























































