Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը, որում իր գլխավորած թիմը սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջել է կատալոնական «Բարսելոնային»։
Հետխաղային մամուլի ասուլիսի ընթացքում արգենտինացի մասնագետը գոհունակություն է հայտնել իր սաների ցուցադրած խաղից՝ ընդգծելով, որ պարտության հիմնական պատճառը գոլային պահերի ցածր իրացումն էր։
«Տպավորված եմ տղաների ցուցադրած խաղով և նրանցից դժգոհելու ոչինչ չունեմ։ Առաջին խաղակեսում գործում էինք նախապես մշակված ծրագրով, բարձր ինտենսիվությամբ ճնշում էինք գործադրում մրցակցի վրա և գոլային պահեր ստեղծում։ Պարզապես այս անգամ մեզ պակասեց արդյունավետությունը։ Իսկ «Բարսելոնան» հիանալի է օգտագործում իր շանսերը․ նրանք ավելի քիչ պահեր ունեցան, բայց առավելագույնը քաղեցին դրանցից։ Ես հպարտ եմ իմ թիմով և գոհ եմ կատարված աշխատանքից»,- նշել է Սիմեոնեն։
Անդրադառնալով երկրորդ խաղակեսում նախաձեռնությունը կատալոնացիներին զիջելուն և կատարված փոխարինումներին՝ մարզիչն ասել է.
«Դժվարանում եմ ասել՝ դա ֆիզիկական պատրաստվածության հետ էր կապված, թե ոչ։ Մեր լավագույն հատվածն առաջին 45-50 րոպեներն էին, որից հետո նախաձեռնությունն անցավ մրցակցին, քանի որ նրանք հիանալի են վերահսկում գնդակը։ Այնուամենայնիվ, մենք ևս լավ պահեր ունեցանք Ալեքս Բաենայի և Ալեքսանդր Սյորլոթի մասնակցությամբ։ Ինչ վերաբերում է փոխարինումներին, միշտ ակնկալում ես, որ պահեստայինների նստարանից խաղադաշտ դուրս եկողներն արտակարգ ազդեցություն կունենան, սակայն երբեմն խաղի ընթացքը կամ ուժեղ մրցակիցը թույլ չեն տալիս դա անել։ Մենք դեռ զարգացման փուլում ենք, և որոշ ֆուտբոլիստներ աճելու տեղ ունեն»։
Արգենտինացի մասնագետն առանձնահատուկ պաշտպանել է հարձակվող Խուլիան Ալվարեսին, որը, չնայած Ջուլիանո Սիմեոնեին կատարած գոլային փոխանցմանը, մի քանի իրական պահ է վրիպել.
«Նա շատ կարևոր հանդիպում անցկացրեց․ մասնակցեց երեք վտանգավոր գրոհի, գոլային փոխանցում կատարեց Ջուլիանոյին, հիանալի դրվագ ստեղծեց Բաենայի համար, իսկ երկրորդ կեսում փորձեց գնդակն ուղարկել դարպասապահի վրայով։ Էլ ի՞նչ կարող ենք պահանջել նրանից։ Իհարկե, բոլորս էլ ցանկանում ենք, որ նա գոլեր խփի, բայց մենք կսպասենք, քանի որ Խուլիանը բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Նա վայելում է մեր լիակատար վստահությունը։ Մեր նպատակներին հասնելու համար մեզ անհրաժեշտ է Ալվարեսի լավագույն տարբերակը, առանց նրա մենք չենք կարող հասնել այնտեղ, ուր ձգտում ենք»։
Ասուլիսի ավարտին, պատասխանելով երկու անընդմեջ պարտություններից հետո թիմում տիրող մթնոլորտի մասին հարցին, «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը հակիրճ նշել է, որ պետք է պահպանել հանգստություն և շարունակել աշխատել։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացել էր Ջուլիանո Սիմեոնեն, սակայն Ֆերմին Լոպեսի դուբլը (45′, 66′) կամային հաղթանակ էր պարգևել «Բարսելոնային»։ Այս տուրից հետո «Ատլետիկոն» 28 միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ 5 միավորով հետ մնալով առաջատար «Բարսելոնայից»։

























































