Նորվեգիայի բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի՝ «Տրոմսյո» – «Բուդյո Գլիմտ» հանդիպումն ուղեկցվել է արտառոց միջադեպով։ Խաղի ընթացքում փլուզվել է հյուրերի երկրպագուների համար նախատեսված տրիբունայի հատվածներից մեկը, ինչի հետևանքով մարդիկ ընկել են ներքև։
Միջադեպը տեղի է ունեցել առաջին խաղակեսի 41-րդ րոպեին՝ 0:0 հաշվի պայմաններում։ Նորվեգական VG և Aftenposten պարբերականների հաղորդմամբ՝ հորդառատ անձրևի տակ «Բուդյո Գլիմտի» երկրպագուները կանգնած ցատկելիս են եղել իրենց թիմին աջակցող երգի ներքո, երբ «Ռոմսա Արենա» մարզադաշտի տրիբունայի հատակի մի հատվածը հանկարծակի տեղի է տվել։ Ականատեսների վկայությամբ՝ նախ լսվել է ուժեղ ճաքի ձայն, որից հետո առջևի շարքը փլուզվել է։
Կատարվածին առաջիններից մեկն արձագանքել է «Բուդյո Գլիմտի» դարպասապահ Նիկիտա Հայկինը, որն անմիջապես գրավել է գլխավոր մրցավար Օլա Հոբեր Նիլսենի ուշադրությունը։ Խաղը դադարեցվել է, ֆուտբոլիստները հեռացել են խաղադաշտից, իսկ երկրպագուներին տարհանել են վտանգավոր գոտուց։ Հյուրերի աջակիցներին անվտանգ տեղավորելու նպատակով «Տրոմսյոյի» երկրպագուներն ազատել են տրիբունայի հարակից հատվածը։
Տուժածների քանակի վերաբերյալ նախնական տվյալները փոքր-ինչ տարբերվում են։ «Բուդյո Գլիմտի» մամուլի պատասխանատու Սիմեն Պեդերսենը Reuters-ին հայտնել է, որ առաջացած անցքի միջով ընկել է մինչև հինգ մարդ։ Ոստիկանության հստակեցված տվյալներով՝ հատակի փլուզման հետևանքով ներքև է ընկել երկու երկրպագու, իսկ ևս երկուսը, հավանաբար, ինքնուրույն են իջել՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։ Ըստ NRK հեռուստաընկերության՝ տեղում բուժօգնություն է ստացել չորս մարդ, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։ Ավելի ուշ մարզադաշտի հաղորդավարը հայտարարել է, որ հոսպիտալացված երկրպագուի վիճակը լավ է։
Տրոմսի ոստիկանության ներկայացուցիչ Վեգարդ Ռիդնինգ Նիլսենը հաստատել է, որ միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ պարզելու տրիբունայի փլուզման տեխնիկական պատճառներն ու հնարավոր հանցավոր անփութության հատկանիշները։ «Տրոմսյո» ակումբը ևս պաշտոնական հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ ամենայն լրջությամբ է վերաբերվում կատարվածին։
Հավելենք, որ մոտ 40 րոպե տևած դադարից և անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո հանդիպումը վերսկսվել է։ Խաղն ավարտվել է «Բուդյո Գլիմտի» հաղթանակով՝ 2:0 հաշվով․ դուբլի հեղինակ է դարձել Օլա Բրինիլդսենը։ Հատկանշական է, որ մինչև տրիբունայի փլուզումը հյուրերի կազմում լուրջ վնասվածք էր ստացել նաև Օլե Դիդրիկ Բլոմբերգը, որին մրցակցի դարպասապահի հետ բախումից հետո խաղադաշտից դուրս էին բերել պատգարակով։
Այս հաղթանակի շնորհիվ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության մասնակից «Բուդյո Գլիմտը» վաստակեց 62 միավոր և, հավասարվելով առաջատար «Վիկինգին», բարձրացավ երկրորդ հորիզոնական։ «Տրոմսյոն» 46 միավորով 6-րդ տեղում է։




























































