Չեմպիոնների լիգայի խաղում, որտեղ «Լայպցիգը» ընդունել էր «Ասթոն Վիլային», երկրպագուներն ականատես եղան հուզիչ տեսարանի։ Եզրային մրցավար Ալեսանդրո Ջալատինին հանդիպման ավարտից հետո արտասվել է, և նրան մխիթարելու է մոտեցել գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն, հայտնում է Bild-ը։
Պարզվել է, որ սա մրցավարի կարիերայի վերջին հանդիպումն է եղել։ Նա հեռանում է ֆուտբոլից։
49-ամյա Ալեսանդրո Ջալատինին ՖԻՖԱ-ի մրցավար էր 2013 թվականից։ Նա մասնակցել է նաև խոշոր մրցաշարերի, ինչպիսիք են Եվրո-2020-ը և 2022 թվականի Աշխարհի առաջնությունը։
«Հարցրի նրան, թե ինչ է կատարվում, իսկ նա պատասխանեց, որ այսօր անցկացրել է իր վերջին խաղը։ Գեղեցիկ և հուզիչ պատմություն է։ Աջակցեցի նրան՝ ասելով, որ այժմ նա պետք է իրեն բաժին հասած ժամանակը ճիշտ օգտագործի։ Նա կարող է հոգ տանել իր ընտանիքի մասին»,- նշել է Ռոզեն։