Էնդի Մարեյը (37 տարեկան) այս ամառ թենիսիստի կարիերան ավարտելուց հետո սկսում է իր կյանքի նոր փուլը։ Այժմ նախկին թենիսիստը կուրախացնի իր երկրպագուներին թատրոնի բեմում, հաղորդում է Dailymail-ը։
Շոտլանդացին կանցկացնի չորս թատերական երեկո՝ դրանք տեղի կունենան 2025 թվականի հունիսին Գլազգոյում, Էդինբուրգում, Լոնդոնում և Ուիմբլդոնում։ Այս շրջագայությունների ընթացքում Մարեյը կանդրադառնա իր կարիերայի կարևորագույն իրադարձություններին և կկիսվի պատմություններով թենիսի աշխարհից:
«Այս ամառվանից հետո ես ուզում էի ինչ-որ այլ բան փորձել: Չեմ կարծում, որ թենիսիստը նախկինում նման բան է արել, ուստի դա մեծ մարտահրավեր էր ինձ համար»,- ասել է Մարեյը:
Միջոցառմանը արգելվելու է լուսանկարել և տեսագրել, այցելուները ստիպված կլինեն իրենց հեռախոսները թողնել դահլիճից դուրս։ Մարեյը բացատրել է այս կանոնը՝ ասելով, որ ցանկանում է բաց և ազնիվ խոսել՝ չվախենալով, որ ինչ-որ մեկը կձայնագրի և հրապարակի այն։
Մարեյը Ուիմբլդոնի կրկնակի չեմպիոն է և կրկնակի Օլիմպիական խաղերի չեմպիոն։