UFC-ի թեթև քաշային կարգում ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի միջև մենամարտը կկայանա առանց հանդիսականների: Այս մասին հայտարարել է UFC-ի նախագահ Դեն Ուայթը:
Ի սկզբանե այս մենամարտը պետք է կայանար Նյու-Յորքում ապրիլի 18-ին՝ UFC 249 մրցաշարի ընթաքում, բայց քաղաքում մասսայական միջոցառումների անցկացման սահմանափակումներ մտցվեցին կորոնավիրուսի տարածման պատճառով: Կազմակերպիչները հայտարարեցին, որ մրցաշարը կանցկացվի մեկ այլ քաղաքում:
Ուայթն ասել է, որ կազմակերպիչները կողմնորոշվել են մրցաշարի անցկացման հարցում, բայց դեռևս չեն նշել այն.
«Այնտեղ չի լինի ոչ մի երկրպագու: Փակ միջոցառում կլինի»,- ասել է UFC-ի նախագահը:
Ավելի վաղ Խաբիբ հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը РБК-ի հետ զրույցում նշել է, որ մենամարտը կարող է կայանալ Դուբայում:
Նուրմագոմեդովը UFC-ում 28 հաղթանակ է տարել՝ չկրելով ոչ մի պարտություն: