«Վիլյառեալի» մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտարարել է 41-ամյա դարպասապահ Պեպե Ռեյնայի հեռանալու մասին. նրա պայմանագրի ժամկետն ավարտվել է:
«Պեպե Ռեյնան և «Վիլյառեալը» բաժանվում են: Շնորհակալություն ամեն ինչի համար, Պեպե։ Ձեր լեգենդը հավերժ կապրի «Վիլյառեալում»»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Պեպե Ռեյնան «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։ Դարպասապահն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1999 թվականին կապտանռնագույնների կազմում։ 2002 թվականին նա տեղափոխվել է «Վիլյառեալ», որտեղ երկու անգամ նվաճել է Ինտերտոտոյի գավաթը։ 2005 թվականին իսպանացուն ձեռք է բերել «Լիվերպուլը», իսկ 2014 թվականին նա տեղափոխվել է «Բավարիա»։
Ռեյնան Վիլյառեալ է վերադարձել 2022 թվականի ամռանը։ Դարպասապահը խաղացել է նաև իտալական «Նապոլիի», «Միլանի» և «Լացիոյի», ինչպես նաև անգլիական «Աստոն Վիլլայի» կազմում։ Իսպանիայի հավաքականի հետ Պեպե Ռեյնան երկու անգամ հաղթել է Եվրոպայի առաջնությունում, մեկ անգամ դարձել աշխարհի չեմպիոն։
2023/2024 մրցաշրջանում դարպասապահը բոլոր մրցաշարերում «դեղին սուզանավերի» կազմում անցկացրել է 12 հանդիպում, որոնցում բաց է թողել 15 գոլ և երեք անգամ անառիկ պահել դարպասը։
























































