Այս շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել ենք Լիգա 1-ի և Բունդեսլիգայի, ինչպես նաև Լա լիգայի մրցաշրջանի առաջին հատվածին՝ ամփոփելով իրավիճակն այս լիգաներում տվյալ պահի դրությամբ։ Այսօր մեր դիտակետում Իտալիայի առաջնությունն է։
Իտալական Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանը հատել է հասարակածը։ Կայացել է 19 տուր, բայց ընդհանուր պատկերը շարունակում է խճճված մնալ՝ հատկապես «Յուվենտուսի» հետ կապված իրավիճակի ֆոնին։
Իտալիայի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը 19-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը․
Լավագույն ռմբարկուները
«Յուվենտուսից» էլ կսկսենք, քանի որ թիմի՝ մրցաշարային աղյուսակում գահավիժումը 3-րդից 10-րդ տեղ, նոր հեռանկար է բացել մի շարք թիմերի համար։
Հունվարի 20-ին Իտալիայի դատարանը որոշել էր ֆինանսական խարդախությունների համար Թուրինի «Յուվենտուսից» 15 միավոր հանել:
Խաղադաշտից դուրս «Յուվենտուսը» մեծ խնդիր ունի, և դրանք կարող են շարունակական լինել, քանի որ անընդհատ նոր տեղեկություններ են ստացվում, բայց այդ թեմայի վերաբերյալ այսքանը բավական է։ Անդրադառնանք Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի ցուցադրած խաղին մրցաշրջանի առաջին հատվածում։
«Յուվենտուսը» 11 հաղթանակ է տարել (նույն ցուցանիշն ունեն «Միլանը», «Լացիոն» և «Ռոման») ու ընդամենը 3 պարտություն կրել (նույն ցուցանիշն ունի «Միլանը», իսկ ավելի քիչ պարտվել է միայն առաջատար «Նապոլին»՝ 1 անգամ)։ Այո, Ա Սերիայի նորեկ «Մոնցայից» կրած պարտությունն սենսացիա էր, բայց «Յուվենտուսը» 19 խաղում, չնայած կադրային ու հոգեբանական խնդիրներին, կարողացել է արդյունք ապահովել։ Մինչև 18-րդ տուրում «Նապոլիից» կրած 1։5 հաշվով պարտությունը, թուրինյան թիմը հաղթել էր Ա Սերիայի 8 անընդմեջ խաղերում։ Այլ հարց է, որ դրանցից 5-ը եղել են 1։0 հաշվով։ Բայց դա ևս ֆանտաստիկ ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ այդ 8 խաղերում թիմը գոլ բաց չի թողել։ «Յուվեն» նաև 2։0 հաշվով հաղթել է «Ինտերին», 3։0՝ «Լացիոյին» և 4։0՝ «Էմպոլիին»։ Եվ սա այն դեպքում, երբ ամռանը թիմ վերադարձած Պոլ Պոգբան այդպես էլ հանդիպում չի անցկացրել վնասվածքի պատճառով։ Ակումբից հեռացել են Ջորջիո Կյելինին, Դենիս Զաքարիան, Արթուրը։ Երկար ժամանակ վնասվածք ուներ Ֆեդերիկո Կյեզան։ Վնասվածքների պատճառով որոշ ժամանակ բաց են թողել Դի Մարիան, Բոնուչին, Վլահովիչը։
Այսքան խնդիրների ֆոնին մեղադրել «Յուվենտուսին» այն դեպքում, որ թիմը կիսում էր 2-րդ տեղը «Միլանի» հետ, մեղմ ասած, տրամաբանական չէ։ Այո, «Յուվենտուսը» չպետք է 8-ից 5 խաղերում հաղթի 1։0 հաշվով, բայց ստեղծված իրավիճակում կարևոր է առաջին հերթին արդյունքը։ Հիմա լավ ու գեղեցիկ խաղի մասին մտածելու ժամանակը չէ։
«Յուվենտուսը» 23 միավորով 10-րդ տեղում է և 14 միավորով է զիջում 4-րդ տեղում գտնվող «Ինտերին»։ 19 խաղում հետ բերել 14 միավորի տարբերությունը, անկասկած, դժվար է լինելու, բայց ոչ անիրատեսական։ Եթե նոր պատժամիջոցներ չկիրառվեն ու ակումբը ստիպված չլինի բաժանվել առաջատարներից, ապա կփորձի նորից բարձրանալ լավագույն քառյակ։
Առաջատար «Նապոլին»․ ե՞րբ, եթե ոչ այս մրցաշրջանում
Նախորդ մրցաշրջանի առաջին հատվածն էլ Նեապոլը ներկայացնող թիմը լավ անցկացրեց և երկար ժամանակ առաջատար էր, սակայն չդիմացավ ճնշմանը, եղան վնասվածքներ և ակումբը մրցաշրջանն ավարտեց 3-րդ տեղում։
«Նապոլին» վերջին անգամ փոխչեմպիոն է դարձել 2018/19 թթ․ մրցաշրջանում՝ Կառլո Անչելոտիի գլխավորությամբ։ Բայց այդ տարի թիմը 11 միավորով զիջեց «Յուվենտուսին»։
Իսկ ե՞րբ է վերջին անգամ թիմը նվաճել Սկուդետոն։ Դա եղել է 1989/1990 թթ․ մրցաշրջանում (ինչպես նաև՝ 1988/1989թթ․), երբ «Նապոլիում» խաղում էր լեգենդար Դիեգո Արմանդո Մարադոնան։
Հիմա «Նապոլին» ավելի կազմակերպված թիմ ունի։ Մոտիվացիան կարծես կրկնապատկված լինի։ Խվիչա Կվարացխելիա/Վիկտոր Օսիմհեն զույգը խելահեղ խաղ է ցուցադրում։
Խվիչայի մասին շատ է խոսվել։ Մեծ ռիսկ էր նման երիտասարդ ֆուտբոլիստով փոխարինել թիմի երկարամյա առաջատարներ Ինսինյեին և Մերտենսին, բայց․․․ Աուրելիո Դե Լաուրենտիսը, որն իտալական ակումբների նախագահների մեջ թերևս ամենավառ կերպարներից մեկն է, չսխալվեց թիմ հրավիրելով Կվարացխելիային։ Լուչանո Սպալետին էլ համարձակություն ունեցավ ոչ միայն հույս դնել վրացի ֆուտբոլիստի վրա, այլ նաև զարգացնել նրա տաղանդը։ 21-ամյա ֆուտբոլիստը ոչ միայն գոլեր է խփում, այլ նաև գոլային փոխանցումներ կատարում։ Նրա և թիմի գլխավոր ռմբարկու Վիկտոր Օսիմհենի համագործակցությունը խոսում է Սպալետիի ճշգրիտ աշխատանքի մասին։
Սպալետին, անկասկած, գովասանքի է արժանի։ Կորցնել թիմի պաշտպանության հենասյուն համարվող Կալիդու Կուլիբալիին, կիսապաշտպանության դիրիժոր Ֆաբիան Ռուիսին և այդքանի հետ մեկտեղ դառնալ ավելի ուժեղ ու պայքարել չեմպիոնության համար, իսկապես մեծ նվաճում է։ «Նապոլիի» ղեկավարությունը եղած բացերը փորձեց լրացնել` համատեղելով որակն ու քանակը։ Հիմա թիմի կազմը խորություն ունի․ կա պահեստայինների երկար նստարան և նույնիսկ կարճ ժամանակում առաջատար որևէ ֆուտբոլիստի վնասվածքը չի կարող քանդել «Նապոլիի» թիմային խաղը։
«Նապոլին» 19 խաղում խփել է 46 և բաց թողել 14 գոլ։ 2 դեպքում էլ դա լավագույն արդյունքն է լիգայում։ Համաձայնեք, այս ամենը չի կարող միայն պատահականության արդյունք լինել։ Սպալետիի կատարած աշխատանքն արդարացիորեն տալիս է իր պտուղները։ Ակումբի ղեկավարության քայլերը, տրանսֆերները նույնպես այս արդյունքի խթանն են եղել։ Անհնար էր պատկերացնել, որ Կուլիբալիի և Մերտենսի փոխարեն Կիմ Մին Ջաեին և Ռասպադորիին ձեռք բերելուց հետո այս թիմը կարող է պայքարել չեմպիոնության համար։ Կիմն այնպիսի խաղ է ցուցադրում, որ Նեապոլում նույնիսկ չեն հիշում Կուլիբալիի մասին։ 26-ամյա կորեացին ամենաշատ փոխանցումներ կատարած ֆուտբոլիստն է լիգայում։
«Նապոլին» ևս մեկ հաղթաթուղթ ունի, եթե կարելի է դա այդպես անվանել։ Այս մրցաշրջանում բոլոր մրցակից թիմերը տարօրինակ կերպով իրենց հնարավորություններից վատ են հանդես գալիս․ «Միլան», «Ինտեր», «Յուվենտուս»։
Սպալետիի գլխավորած թիմի վերջին քննությունը կլինի փետրվար-մարտին։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում թիմը մրցելու է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ։ Գերմանական թիմի հետ խաղերին զուգահեռ նեապոլցիներին բավականին խիտ գրաֆիկ է բաժին հասել․ «Լացիո», «Ատալանտա», «Միլան»։ Այնուամենայնիվ, եթե «Նապոլին» սկսի միավորներ կորցնել, միևնույնն է, դժվար է ասել, թե որ թիմը կարող է մրցակցություն ստեղծել Սկուդետոյի համար պայքարում։
Միլանյան կրքեր․ «Ռոսոներիներն» ըննդդեմ «Ներաձուրիների»
«Միլան»
Իտալիայի գործող չեմպիոնի խաղն ընթացիկ մրցաշրջանում ավելի պրագմատիկ է դարձել։ ԱԱ 2022-ից հետո «Միլանը» կարծես այլ թիմ լինի․ չի կարողանում հաղթել «Կրեմոնեզեին», 4 անընդմեջ խաղում գոլ է բաց թողնում, 2 անընդմեջ խաղում 2։2 հաշվով ոչ-ոքի է խաղում «Լեչեի» և «Ռոմայի» նման մրցակիցների հետ։ Թիմեր, որոնք, կարելի է ասել, միայն տոն օրերին են 2 գոլ խփում։
«Միլանը» լավ անցկացրեց մրցաշրջանի աշնանային հատվածը։ Թիմը Չեմպիոնների լիգայի խմբում զբաղեցրեց 2-րդ տեղն ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի «Տոտենհեմի» հետ։
«Ռոսոներիներն» Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում առաջին պարտությունը կրեցին 7-րդ տուրում՝ «Նապոլիից»։ Հենց այդ խաղից հետո էլ, կարելի է ասել, սկսվեցին թիմի հիմնական խնդիրները։ Առաջին հերթին խոսքը դարպասապահ Մայք Մանյանի վնասվածքի մասին է։
19-րդ տուրում «Լացիոյից» կրած 0։4 հաշվով ջախջախիչ պարտությունը վերջնականապես ապացուցեց, որ թիմը ճգնաժամի մեջ է։ Ավելի կոնկրետ՝ խաղային ճգնաժամի։ Իտալիայի գործող չեմպիոնը ԱԱ 2022-ից հետո գրեթե ոչ մի հանդիպում չի անցկացրել իր ուժերին ու հնարավորություններին համապատասխան։ Ինչի մասին է խոսքը, եթե թիմը գավաթի խաղարկությունում պարտվում է 10 հոգով մնացած «Տորինոյին»։ Եթե այդ խաղում «Միլանի» գոլ չխփելն ու հանդիպման արդյունքը կարելի էր պատահականություն համարել, ապա դրան հաջորդած ժամանակահատվածը հակառակն ապացուցեց։
Պատահական չէ, որ խնդիրների մասին խոսում է գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին։ Միլանյան թիմը խնդիրներ ունի առանց գնդակի խաղի ժամանակ, կան տակտիկական սխալներ: Հոգեբանական առումով էլ այս պահին թիմի ֆուտբոլիստները լավ վիճակում չեն։
Սա այն եզակի դեպքերից է, որ խնդիրներն ավելի շատ ներքին են, քան արտաքին։ Այսինքն, «Միլանին» հիմա ուղղակի պետք է հավաքվել, շտկել սեփական սխալներն ու եղած ուժերով շարունակել պայքարը։ Դժվար է ասել, թե նորեկների խիստ կարիք ունի թիմը։ Դարպասապահի հարցը, իհարկե լուրջ է, բայց տարբերակներն էլ շատ չեն։
«Ինտեր»
Իտալիայի Սուպերգավաթը նվաճելուց հետո թվում էր, որ եկել է հաջողությունը զարգացնելու ժամանակը և խնդիրները հաղթահարված են, բայց «Ինտերը» տնային խաղում 0։1 հաշվով պարտվեց «Էմպոլիին»։
Թիմը 19 խաղում 6 պարտություն է կրել։ Անցկացրած խաղերի շուրջ 1/3-ում պարտված թիմում, անկասկած, խնդիրները պետք է բացահայտ լինեն, բայց․․․
Գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին չի դավաճանում իր գաղափարներին։ Նույնիսկ չի դիտարկում ինչ-որ բան փոփոխելու տարբերակները։ Անգամ Գվարդիոլայի և Մոուրինյուի նման սկզբունքային մարզիչները շատ հաճախ կազմի ու մարտավարության առումով կտրուկ քայլերի են դիմում։ Ինձագին ընդհանրապես չի էլ փորձում։ Թիմի առանցքային խաղացող համարվող Միլան Շկրինյարը «Էմպոլիի» հետ խաղում վատագույնն էր դաշտում։ Նա 2 դեղին քարտ ստացավ և հեռացվեց։ Անգամ այդ իրավիճակում Ինձագին չփորձեց անցնել 4 պաշտպանով խաղի։
Հայ ֆուտբոլասերների համար ուրախացնող է այն, որ Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Ինտերի» կիսապաշտպանության շարժիչ ուժը։ Շատերը Խոակին Կորեային են համարում Ինձագիի ջոկերը, բայց Մխիթարյանն էլ շատ լավ կատարում է այդ դերը։ Նա խաղադաշտում ամենուր է։ Հասցնում է գնդակ խլել, գնդակ բաժանել, սուր և առանցքային փոխանցումներ կատարել, ապահովագրել խաղընկերներին։
Լուկակուի վնասվածքը, անկասկած, խառնել է Ինձագիի ծրագրերը, բայց Ջեկոն շատ լավ անում է այն, ինչ իրենից պահանջվում է։
Չեմպիոնների լիգան կվերդառնա՞ Հռոմ
«Լացիոն» չի դադարում զարմացնել։ Մյուս կողմից էլ զարմանալ պետք չէ, քանի որ ակումբը գլխավորում է Մաուրիցիո Սարրին։ Մարզիչ, որի թիմը կարող է անհասկանալի կերպով պարտվել «Սալերնիտանային» (1:3) կամ «Լեչեին» (1:2), բայց վստահ հաղթանակ տանել «Ատալանտայի» (2:0) ու «Միլանի» (4:0) նկատմամբ։
«Յուվենտուսի» միավորների կորստի արդյունքում «Լացիոյի», «Ատալանտայի» և «Ռոմայի»՝ լավագույն քառյակում հայտնվելու շանսերն ավելի են մեծացել։ Բարդ է ասել, թե այս թիմերից որն ավելի կարգապահ, գրագետ և ինչու ոչ` խորամանկ կգտնվի ու կօգտվի ստեղծված իրավիճակից։ «Լացիոն» վերջին անգամ Չեմպիոնների լիգայում խաղացել է 2 տարի առաջ։ Անկասկած, այս մրցաշրջանում թիմը փորձելու է տեղ զբաղեցնել լավագույն քառյակում։
Սարրիի թիմում փայլուն են կիսապաշտպանները․ Լուիս Ալբերտոն, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, Ֆելիպե Անդերսոնը, Մատիա Ցականին, իսկ հարձակման գծի առաջատարն է Չիրո Իմոբիլեն։ Ի դեպ, «Լացիոն» կարողացավ 4 գոլ խփել «Միլանին» նույնիսկ առանց Իմոբիլեի։ Ամեն դեպքում, թիմին չի բավարարում կայունությունը։
«Ռոման» վերջին անգամ 2018/19թթ․ մրցաշրջանում է խաղացել Չեմպիոնների լիգայում։ Նախորդ տարի Կոնֆերենցիաների լիգայի գավաթը նվաճելուց հետո ակումբը հույս ուներ, որ ապագան հուսադրող կլինի, բայց ոչ «Ռոմայի» խաղը, ոչ էլ ցուցադրած արդյունքները դրա մասին չեն խոսում։
Մինչև «Յուվենտուսից» միավորներ հանելը, «Ռոման» անհույս պայքար էր մղում «Լացիոյի» և «Ատալանտայի» հետ։ Ինչո՞ւ անհույս, որովհետև այս «Ռոման» գրեթե ամեն ինչով զիջում է վերոնշյալ թիմերին։ «Ռոման» կադրային լուրջ խնդիրներ ունի, և դա առաջին հերթին որակի մասին է։ Թիմի խաղն ու արդյունքը կախված են միայն Աբրահամից և Դիբալայից։ Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակը կարող է ծառայել թիմի օգտին։
Հիմա վերևում թվարկած 5 թիմերը՝ «Միլանը», «Ինտերը», «Լացիոն», «Ատալանտան» և «Ռոման» կատաղի պայքարի մեջ են լինելու։ Հաշվի առնելով այս բոլոր թիմերի անկայուն խաղը և աղյուսակում խիտ դասավորությունը, ամեն ինչ կարող է փոխվել յուրաքանչյուր հաջորդ խաղում։
«Ռոման» ռեսուրսներ չունի կազմն ուժեղացնելու համար և հիմա լուրեր կան, որ Նիկոլո Ձանիոլոն կարող է լքել ակումբը ու որ ամենավատն է «Ռոմայի» համար` տեղափոխվել «Միլան»։ Կստացվի, որ «Ռոման» լավագույն քառյակում հայտնվելու համար գիտակցաբար կուժեղացնի մրցակցի կազմը։ Ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել նաև «Տոտենհեմ», բայց փաստն այն է, որ անգամ, եթե նա մնա թիմում, ապա չի լինի այնքան արդյունավետ, որքան պետք է։
«Ռոման» խաղակցվածությամբ, ֆուտբոլիստների մեծ մասի անհատական որակներով զիջում է «Լացիոյին» և «Ատալանտային»։ Ի տարբերություն այս երկու թիմերի` «Ռոմայում» կրեատիվի պակաս կա։ Մխիթարյանի բացը լրացնել այդպես էլ չի հաջողվել։
«Ատալանտան», ավելի ճիշտ կլինի ասել գլխավոր մարզիչ Ջան Պյեռո Գասպերինին, թարմացրել է թիմի կազմը։ Այս մասնագետի ազդեցությունը շատ մեծ է ակումբում։ Նա չի սիրում, երբ թիմում որևէ մեկն իրենից ավելի մեծ հեղինակություն է լինում։ Պապու Գոմեսի, Ռուսլան Մալինովսկիի և Յոսիպ Իլիչիչի հետ կոնֆլիկտները դրա վառ ապացույցն են։ Բոլորն էլ արդեն հեռացել են թիմից։ Եթե Իլիչիչի դեպքում խնդիրը միայն Գասպերինիի հետ կոնֆլիկտը չէր, ապա մյուս երկու դեպքում դա գլխավոր պատճառն էր։ Այնուամենայնիվ, «Ատալանտան» շարունակում է վառ ու գոլառատ ֆուտբոլ ցուցադրել։ Թիմի կազմը համալրել են Ադեմոլա Լուկմանը, Էդերսոնը, երիտասարդ Ռասմուս Հոյլունդը․․․ Դուվան Զապատան, Լուիս Մուրիելն ու Տեն Կոմպմեյներսն էլ մնացել են թիմում։ Չմոռանանք նաև Ժերեմի Բոգայի մասին, որը նախորդ տարվա սկզբին էր միացել «Ատալանտային»։ Այնուամենայնիվ, ինչպես «Լացիոյի» պարագայում, թիմին չի բավարարում կայունությունը։
«Ուդինեզե», «Տորինո», «Էմպոլի»՝ 7-9-րդ տեղ
«Ուդինեզեից» ներքև գտնվող թիմերը (բացառությամբ «Յուվենտուսի», որից 15 միավոր էր հանվել) խփած և բաց թողած գոլերի բացասական տարբերություն ունեն։ Դա ինչ-որ առումով չափանիշ է։ Մրցաշրջանի մեկնարկից առաջ թիմի ղեկը ստանձնած Անդրե Սոտիլը շատ լավ կարողանում է գնահատել իր թիմի վիճակը, բայց չի կարող անել ավելին։ «Ուդինեզեն» առանց այդ էլ չունի մեծ ռեսուրսներ, բայց 7-17-րդ տեղերում գտնվող թիմերի մեջ լավագույն արդյունքն ունի։ Թիմում առանցքային դեր ունեն Բետուն, Դելոֆեուն, Սակսեսն ու Սամարջիչը։
«Տորինոն» դժվար թե 19 խաղից հետո զբաղեցներ 8-րդ տեղը, եթե չլիներ ակումբի գլխավոր մարզիչ Իվան Յուրիչի և սպորտային տնօրեն Դավիդե Վանյատիի վեճը։ Ամռանը թուրինյան թիմի գլխավոր մարզիչը, որն առանց այդ էլ շատ էմոցիոնալ է, մեղմ ասած, լարված վիճակում էր։ Ակումբից հեռացել էին գլխավոր ռմբարկու Անդրեա Բելոտին, ինչպես նաև պաշտպան Գլեյսոն Բրեմերը։ Իսկ նորեկներ դեռ չկային, և դրանում Յուրիչը մեղադրում էր Վանյատիին։
Այնուամենայնիվ, «Տորինոն» ակտիվացավ տրանսֆերային շուկայում։ Վարձակալական հիմունքներով թիմին միացան Ալեքսեյ Միրանչուկն ու Նիկոլա Վլաշիչը, ինչպես նաև Վալենտինո Լազարոն և Նեմանյա Ռադոնիչը։ Յուրիչի գլխավորած թիմը ևս մի քանի տրանսֆեր իրականացրեց, և արդյունքում ստեղծվեց համեստ, բայց ամուր կոլեկտիվ։
«Էմպոլին» այս մրցաշրջանում տարբերվում է Մաուրիցիո Սարրիի կամ Ջուզեպե Յակինիի գլխավորած թիմերից։ Որպես կանոն, միջակ ակումբներն արդեն նախընտրում են գործել ավելի պրագմատիկ և խաղալ արդյունքի վրա։ Դրա վառ օրինակն է «Ինտերի» նկատմամբ տարած 1։0 հաշվով արտագնա հաղթանակը։ Պաոլո Ձանետիի գլխավորած թիմն անպարտելի է վերջին 5 խաղերում և 3 հաղթանակ է տարել տվյալ ժամանակահատվածում։ Հարձակման գծում իր խաղով աչքի է ընկնում 19-ամյա Տոմազո Բալդանզին, որն արդեն 4 գոլ է խփել։ «Էմպոլին» կարողանում է հաղթել կարգով իրեն հավասար թիմերին կամ հետնապահներին, և նման խաղերում միավորներ չի կորցնում։ Հենց դրա շնորհիվ էլ համեստ հնարավորություններ ունեցող թիմը մրցաշարային աղյուսակի վերին հատվածում է։
Ձախողակները
«Ֆիորենտինան», անկասկած, այս ցանկում պետք է լինի։ Ակումբն ունի ամեն ինչ․ պատմություն, ռեսուրսներ, լավ կազմ, նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է 7-րդ տեղն ու Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր նվաճել, իսկ այս տարի «քարշ է գալիս» մրցաշարային աղյուսակի միջնամասում։ «Ֆիորենտինան» գրեթե ամեն տարի կորցնում է իր առաջատար խաղացողներին՝ այդպես էլ խաղային առումով որևէ նվաճում չգրանցվելով։ Դուշան Վլահովիչի հեռանալուց հետո թիմը նորեկներ ունեցավ, վերադարձրեց Լուկա Յովիչին, բայց, միևնույնն է, չի կարողանում էական հաջողության հասնել։ Ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա նաև թիմի առաջատարներից ևս մեկը՝ Սոֆյան Ամրաբատը։
«Սասուոլոն», որը վերջին տարիներին իտալական ֆուտբոլի համեստության դեմքն էր, կորցրել է իր հմայքը։ Պարբերաբար տրանսֆերներով «կողոպտված» թիմն այս մրցաշրջանում գահավիժում է մրցաշարային աղյուսակում։ Միակ հավատարիմ ֆուտբոլիստը Դոմենիկո Բերարդին է, բայց ինչպես երևում է, արդեն նա էլ չի կարողանում օգնել թիմին մնալ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի գոնե միջնամասում։ «Սասուոլոն» 17 միավորով 17-րդ տեղում է և ընդամենը 5 միավորով է առաջ վտանգավոր գոտուց։
Նախկին ֆուտբոլիստները՝ մարզչի դերում․ Տիագու Մոտտայի «Բոլոնիան» և Դեյան Ստանկովիչի «Սամպդորիան»
«Բոլոնիան» Իտալիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տիագու Մոտտայի մարզչական կարիերայում 3-րդ թիմն է։ 2019 թվականի հոկտեմբերին երիտասարդ մասնագետն առաջին փորձը կատարեց «Ջենոայում», բայց պաշտոնանկ եղավ 2 ամիս անց։ 2021 թվականին գլխավորեց «Սպեցիան» և լուծեց իր առջև դրված խնդիրը՝ թիմին պահելով Ա Սերիայում։
«Բոլոնիայի» համար ծանր ստացվեց մրցաշրջանի մեկնարկն ու առաջին հատվածը։ Մեկնարկային 5 տուրերում չհաղթելուց հետո՝ սեպտեմբերի 6-ին, ակումբը պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչին։ Հենց հաջորդ տուրում գրանցվեց հաղթանակ։ Թիմը հաղթեց «Ֆիորենտինային»։ Այդ խաղում «Բոլոնիայի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար էր Մ19 տարեկանների թիմի մարզիչ Լուկա Վիջիանին։ Վերջինս այդ խաղից հետո տեղը զիջեց հենց Տիագո Մոտտային։ Իտալացի մասնագետի գլխավորությամբ ակումբը ևս 4 խաղ չկարողացավ հաղթել։ Եվ երբ թվում էր, թե ակումբի ղեկավարությունը սխալ որոշում է կայացրել, Մոտտայի գլխավորած թիմը ֆանտաստիկ շարք ունեցավ․ 6 խաղ՝ 5 հաղթանակ և 1 պարտություն։ 2022 թվականի վերջում ակումբն էմոցիոնալ առումով հերթական հարվածն ստացավ։ Կյանքից հեռացավ Սինիշա Միխայլովիչը։ Անկասկած, այդ լուրը չէր կարող չազդել ֆուտբոլիստների հոգեվիճակի վրա։ Մոտտայի «Բոլոնիան» ագրեսիվ ֆուտբոլ է ցուցադրում և բնավորություն ունեցող թիմ է։
«Սամպդորիա»
Իսկ ահա Մոտտայի նախկին թիմակից Դեյան Ստանկովիչն «իրեն գցել է կրակը»։ Հայ ֆուտբոլասերները ծանոթ են այս մասնագետի աշխատանքին։ Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի որակավորման 3-րդ փուլում մրցել էր «Ցրվենա Զվեզդայի» հետ (0:5 և 0։2), որը գլխավորում էր հենց Ստանկովիչը։ Վերջինիս աշխատանքի ընթացքում սերբական թիմը փայլուն արդյունքներ էր գրանցում, թելադրում էր իր խաղը, չեմպիոն դառնում, բազմաթիվ գոլեր խփում, բայց․․․ անհասկանալի կերպով Ստանկովիչը հոկտեմբերի սկզբին ընդունեց «Սամպդորիայի» առաջարկն ու ստանձնեց թիմին Ա Սերիայում պահելու անհույս թվացող առաքելությունը։
Զարմանալի է, որ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Դա ռիսկային քայլ է, քանի որ Ստանկովիչը հարձակողական ֆուտբոլ դավանող մարզչի համբավ էր ձեռք բերել, սակայն «Սամպդորիան» այս մրցաշրջանում չունի նման ֆուտբոլ ցուցադրելու ռեսուրսներ և նույնիսկ հեռանկար։ Այո, թիմը 2 հաղթանակներն էլ տարել է հենց Ստանկովիչի գլխավորությամբ, բայց 19-րդ տեղում է և ընդամենը 1 միավորով է գերազանցում վերջին տեղում գտնվող «Կրեմոնեզեին»։
Վտանգավոր գոտում և դրա հարևանությամբ գտնվող թիմերը
«Կրեմոնեզեն» առաջնության հետնապահն է․ 19 խաղ, 8 միավոր, վերջին տեղ։ Այս թիմը, գուցե իր խաղամակարդակով չի համապատասխանում Ա Սերիային։ Չկա որևէ առիթ մտածելու, որ առաջնության երկրորդ հատվածում թիմը կշտկի իրավիճակը։
«Վերոնայի» մասին չենք կարող նույնն ասել։ Ակումբը նախորդ մրցաշրջանում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը և պայքարում էր եվրագավաթային տեղի համար։ Ընթացիկ մրցաշրջանում թիմը 19 խաղում 13 պարտություն է կրել և 18-րդ տեղում է։ Իգոր Տուդորի հեռանալուց հետո «Վերոնան» չկարողացավ ճիշտ արձագանքել։ Եղան կադրային կորուստներ, ինչի արդյունքում էլ թիմը մրցաշրջանի առաջին հատվածից հետո վտանգավոր գոտում է։
«Սպեցիան», ինչպես արդեն նշեցինք, նախորդ մրցաշրջանում մնաց Ա Սերիայում։ Այս տարի ևս թիմի նպատակները չեն փոխվել։ 55-ամյա մարզիչ Լուկա Գոտտի միակ նպատակն է հնարավորինս շուտ ապահովել թիմին Ա Սերիայից դուրս մնալուց։ Ի տարբերություն «Կրեմոնեզեի» և «Վերոնայի»` «Սպեցիան» այդքան էլ անհույս վիճակում չէ։
«Սալերնիտանան» նախորդ մրցաշրջանում դրամատիկ պայքարում պահպանեց իր տեղը Իտալիայի ուժեղագույն դիվիզիոնում։ Գլխավոր մարզիչ Դավիդե Նիկոլան, որը հայտնի է իր էմոցիոնալ բնավորությամբ, ստիպել էր թիմին մինչև վերջ հավատալ սեփական ուժերին։ Նախորդ մրցաշրջանից թիմին իր փորձով օգնում էր ֆրանսիացի Ֆրանկ Ռիբերին, բայց վերջինս 2022 թվականի հոկտեմբերին հայտարարեց կարիերան ավարտելու մասին։
Այս մրցաշրջանում «Սալերնիտանայի» խաղից, կարելի է ասել, կիրքն անհետացել էր և արդյունքում՝ վերջերս «Ատալանտայից» կրած 2։8 հաշվով պարտությունից հետո ակումբի նախագահը պաշտոնանկ էր արել Նիկոլային, բայց․․․ պաշտոնանկությունից 2 օր անց մասնագետը վերադարձավ թիմ։ «Սալերնիտանան» 18 միավորով 16-րդ տեղում է։ Նիկոլան կարող է 2-րդ տարին անընդմեջ թիմին պահել Ա Սերիայում։
Ընթացիկ մրցաշրջանի նորեկները
«Կրեմոնեզեից» բացի 2022/2023 թթ․ մրցաշրջանի նորեկներն են «Լեչեն» և «Մոնցան»։
«Լեչեն» 14-րդ տեղում է և ուշադրության արժանի արդյունքներ է գրանցել։ Թիմը հաղթել է «Ատալանտային» և «Լացիոյին», ինչպես նաև չի պարտվել «Միլանին» ու «Նապոլիին»։ Հենց այս խաղերում վաստակած միավորների շնորհիվ էլ Սերիա Բ-ի նախորդ մրցաշրջանի չեմպիոնն այս տարի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի միջին հատվածում է։
«Մոնցան» առանձնակի ուշադրության է արժանի։ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իր վաղեմի գործընկեր Ադրիանո Գալիանիի հետ վերջին տարիներին նոր նախագիծ են կյանքի կոչում։ Դա «Մոնցա» ակումբն է։ Բեռլուսկոնի-Գալիանի տանդեմը ֆուտբոլասերներին հայտնի է «Միլանում»` հավաքած աստղաբույլով, տիտղոսներով, սկանդալներով։
Բեռլուսկոնին ակումբի նախագահն է, իսկ Գալիանին գլխավոր տնօրենը։ 78-ամյա մենեջերը ծնունդով հենց Մոնցայից է։ Զարմանալի չէ, որ նա չէր կարողացել զսպել հուզմունքը, երբ Ա Սերիայի 7-րդ տուրում «Մոնցան» հաղթել էր «Յուվենտուսին»։ Գալիանին ծնունդով Մոնցայից է, բացի այդ դա «Մոնցայի» պատմության առաջին հաղթանակն էր Ա Սերիայում։
Գալիանին իր փորձի և կապերի շնորհիվ կառուցում է թիմ, որի հեռանկարները դեռևս այդքան էլ պարզ չեն։ «Մոնցան» 19 խաղից հետո 13-րդ տեղում է և 10 միավորով առաջ է վտանգավոր գոտուց։ Ամենայն հավանականությամբ, թիմը կպահպանի տեղն Ա Սերիայում և արդեն հաջորդ մրցաշրջանը կոնկրետ ցույց կտա, թե ինչ կարելի է սպասել ծերուկների նոր նախագծից։ Թիմի ղեկը վստահվել է երիտասարդ Ռաֆայելե Պալադինոյին, որը գլխավորել է «Մոնցան» մրցաշրջանի ընթացքում՝ փոխարինելով Ջովանի Ստրոպային։
Միհրան Ալեքսանյան