Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն դիտարկում է Աշխարհի առաջնությունը երեք տարին մեկ անգամ անցկացնելու տարբերակը, հայտնում է Daily Mail-ը։
Կատարում կայացած 2022 թվականի Աշխարհի առաջնության ֆինանսական և մարզական հաջողությունները ոգևորել են Ինֆանտինոյին, ով անցյալ շաբաթ հայտարարեց Աշխարհի ակումբային առաջնության ձևաչափի փոփոխության մասին, որը 2025 թվականից ընդլայնվելու է մինչև 25 թիմ:
ՖԻՖԱ-ի ղեկավարի հեռահար նպատակն է արմատական նոր մրցաշարային ցիկլ իրականացնել՝ Աշխարհի առաջնությունն անցկացվի երեք տարին մեկ անգամ, իսկ ԱԱ-ի հաջորդ տարիներին՝ Աշխարհի ակումբային առաջնությունը և մայրցամաքային մրցումները ազգային հավաքականների համար: Ինֆանտինոյին սպառնում է «լուրջ դիմադրություն» նոր ցիկլի հաստատման հարցում՝ չնայած Աֆրիկայի և Ասիայի աջակցությանը, նշվում է նյութում։
Մինչև 2030 թվականի Աշխարհի առաջնության ավարտը փոփոխություններն անհնարին են, շահագրգիռ կողմերի միջև բանակցությունները 2024-2030 թվականների միջազգային օրացույցի շուրջ մոտ են ավարտին։
Ավելի վաղ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) գլոբալ զարգացման բաժնի ղեկավար Արսեն Վենգերը L’Equipe-ին տված հարցազրույցում ասել էր, որ կազմակերպության հանձնարարությամբ գնահատում է քառամյա ժամկետը փոխելու գաղափարը՝ Աշխարհի առաջնությունների անցկացման ցիկլը դարձնելով երկամյա։ Արդյունքում որոշվել է հրաժարվել այս քայլից՝ որակավորման օրացույցի հետ կապված դժվարությունների պատճառով։