Հայտնի է դարձել, թե ինչու է «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել պորտուգալացի տաղանդաշատ ֆուտբոլիստ Ժոաու Ֆելիշին «Բենֆիկայից» գնելու մտքից։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ֆելիշը տեղափոխվեց Մադրիդի «Աթլետիկո»։
The Athletic-ը գրում է, որ ՄՅՈւ-ն 19-ամյա ֆուտբոլիստին գնելու մտքից հրաժարվել է երկու պատճառով։ Նախ «կարմիր սատանաների» ղեկավարությունը կարծել է, որ Ֆելիշը չի հարմարվելու ԱՊԼ-ին ու ընդամենը մեկ մրցաշրջան է կարողանալու խաղալ բարձր մակարդակով։ «Ման․ Յունայթեդում» ցանկացել են ձեռք բերել այնպիսի ֆուտբոլիստի, ինչպիսին Մոհամեդ Սալահն է, ով յուրաքանչյուր մրցաշրջանում տպավորում է իր խաղով։
Պատճառներից մյուսն էլ եղել է այն, որ «Ման․ Յունայթեդում» հույս են ունեցել, որ թիմի արդեն նախկին հարձակվող Ալեքսիս Սանչեսը իր հին որակները կցուցադրի և կդառնա թիմի առաջատարը։
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ժոաո Ֆելիշը 126 միլիոն եվրոյի դիմաց «Բենֆիկայից» տեղափոխվեց «Աթլետիկո»։