Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում Երևանի «Փյունիկի» առաջիկա մրցակիցը կլինի Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսը»։ Թիմերի միջև առաջիկա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 6-ին, Երևանում։
Երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ նաև խոսեց թիմի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոյի մասին, ում գոլը «Սլովանի» հետ խաղում ճանաչվել էր Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրի լավագույն գոլ։
«Շատ ուրախ եմ, որ ունենք նման հարձակվող։ Մենք օգնել ենք նրան ձեռք բերել ներկայիս մարզավիճակը։ Նրա մոտ դեռ ամեն ինչ նոր է սկսվում։
Պետք է հարգել նման խաղացողներին, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքով օգուտ են տալիս մեր թիմին»,- ասել է մարզիչը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ «Փյունիկ»-«Ժալգիրիս» հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 20։45-ին։
Կարդացեք նաև՝ Փյունիկի առաջիկա մրցակիցը․ Ժալգիրիս