Կոնգրեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի գործող նախագահ Ումար Կրեմլյովը:
Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և նշել. «Հայաստանը, Երևանն այս տարի դարձել են բռնցքամարտի համաշխարհային կենտրոններից մեկը: Մայիս ամսին մենք հյուրընկալել էինք Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որը, կարծում եմ, մեր գործընկերները կհիշեն դեռ երկար տարիներ: Այսօր էլ հյուրընկալում ենք Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը: Ողջունում եմ կոնգրեսի մասնակիցներին և մաղթում եմ արդյունավետ աշխատանք: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կյանքում սա կարևոր իրադարձություն է: Ըստ էության, Երևանում նաև որոշվում է, թե Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան և համաշխարհային բռնցքամարտն ինչ զարգացում են ունենալու առաջիկա տարիներին: Մենք պատրաստ ենք համագործակցել ֆեդերացիայի հետ նաև առաջիկա տարիներին: ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Եվ, ի վերջո, պետք է խոստովանենք, որ սպորտը նաև խաղաղություն է բերում աշխարհին: Պատահական չէ, որ օլիմպիական խաղերի ժամանակ բազմաթիվ կոչեր են հնչում և հենց այդ օրերին ամբողջ աշխարհում խաղաղություն է հաստատվում: Ես ցանկանում եմ, որ միջազգային մարզական միջոցառումներն այնքան շատ լինեն, որ ամբողջ աշխարհում մշտապես խաղաղություն հաստատվի»:
Հովհաննես Հովսեփյանը ևս ողջունել է կոնգրեսի մասնակիցներին և արդյունավետ աշխատանք մաղթել. «Կցանկանամ, որ այս կոնգրեսը ձեզ մոտ առանձնահատուկ հիշողություններ պահպանի Հայաստանից»:
Կոնգրեսի արտահերթ նիստին մասնակցել են ավելի քան 170 երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչներ, միջազգային պատվիրակներ, հյուրեր: Օրակարգի առանցքային թեման IBA-ի նախագահի նոր ընտրությունների անցկացումն էր՝ IBA-ի ներկայիս նախագահ Ումար Կրեմլյովը և Նիդեռլանդների բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Բորիս վան դեր Վորստի մասնակցությամբ:
Այդուհանդերձ ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները դեմ են քվեարկել ընտրությունների անցկացմանը, երկրորդ քվեարկությունը տեղի չի ունեցել և Ումար Կրեմլյովը մնացել է IBA-ի նախագահ՝ չորս տարի ժամկետով։
Այս տարվա մայիսին Ստամբուլում կայացած Կոնգրեսում Ումար Կրեմլյովը առանց մրցակցության ընտրվեց IBA-ի նախագահ, քանի որ միակ թեկնածուն էր։ Երկրորդ թեկնածուն՝ Վան դեր Վորստը, կասեցվել էր քարոզարշավի կանոնները խախտելու համար:
Այնուամենայնիվ, հետագայում Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը (CAS) արդարացրեց Վան դեր Վորսթին, որից հետո IBA-ի տնօրենների խորհուրդը որոշեց անցկացնել ևս մեկ արտահերթ համագումար՝ վերընտրությունների վերաբերյալ որոշում կայացնելու համար։