Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության վերաբերյալ մամուլի ասուլիս, որին մասնակցեցին Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
«Նման մեծ մարզական միջոցառում վաղուց չենք հյուրընկալել ՀՀ-ում։ Պետությունը, ֆեդերացիան, մեր մյուս գործընկերներն անում են լավագույնը՝ մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Մենք ուզում ենք նոր նշաձող սահմանել, առնվազն Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունների համար։ Հաստատված է 39 պատվիրակության և թիմերի ժամանում ՀՀ։ Մարզիկների թիվը գերազանցում է 200-ը։ Մայիսի 22-ին կտրվի մրցաշարի պաշտոնական մեկնարկը։
Մենք ցանկանում ենք սահմանել լավագույն արդյունքներից մեկն այս մրցաշարում»,- ասել է Եվրոպայի առաջնության կազմոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը կայանալու է մայիսի 21-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բացման արարողությունը կկայանա այս կիրակի՝ 21։00-ին։ Մայիսի 30-ին EUBC գործկոմի առաջին նիստը կայանալու է Հայաստանում։