Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումից առաջ «Վերիտաս» ստադիոնում կայացած մամուլի ասուլիսին Արմեն Գյուլբուդաղյանցի հետ ներկա է եղել Հայաստանի հավաքականի հարձակվող, Լիխտենշտեյնի դեմ նախորդ խաղում մեր միակ գոլի հեղինակ Տիգրան Բարսեղյանը:
Խոսելով ակնկալիքների և մեր հավաքականի շանսերի մասին՝ Բարսեղյանն ասել է. «Իհարկե, առաջիկա խաղից միայն հաղթանակ ենք ակնկալում, միշտ հաղթանակի համար ենք դաշտ մտնում:
Շանսերը հավասար են: Մենք երկար ճանապարհ ենք անցել և հիմա այստեղ ենք, որպեսզի հաղթենք: Ունենք լավ թիմ, լավ մարզչական շտաբ և լավ երկրպագուներ: Հավատում ենք, որ կարող ենք հաղթել և 3 միավորով վերադառնալ Հայաստան: Վաղը պետք է ագրեսիվ գործենք և գոլ բաց չթողենք:»:
Անդրադառնալով նախորդ հանդիպմանը՝ Տիգրանն ասել է. «Նախորդ խաղում մենք նորմալ ենք խաղացել և կատարել ենք մարզչի առաջադրանքները: Թիմի խաղը ստացվեց, ուղղակի չհաղթեցինք: Շատ-շատ լավ թիմեր պարտվում են ավելի ցածրակարգ թիմերի: Սա ֆուտբոլ է, ոչինչ չես կարող փոխել»: