Եվրո-2020-ի որակավորման փուլի J խմբի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպման նախօրեին «Վերիտաս» ստադիոնում կայացել է մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի ասուլիսը:
Խոսելով Մխիթարյանի բացակայության մասին՝ մարզիչն ասել է. «Մխիթարյանը մեր առաջնորդն է, մեր ավագն ու ամենակարևոր ֆուտբոլիստը:
Հուսով եմ՝ տղաները կհամախմբվեն և ամեն ինչ կանեն հաղթանակի համար»:
— Ի՞նչ պետք է փոխել նախորդ խաղի համեմատ:
— Լիխտենշտեյնը խորը և կոմպակտ էր պաշտպանվում: Գոլից հետո դժվարացանք պահերն օգտագործել: Կփորձենք ավելի ագրեսիվ խաղալ՝ ցույց տալով մեր լավագույն խաղերից մեկը: Համախմբված կլինենք և կհասնենք հաղթանակի:
— Երբ հաշիվը ոչ-ոքի լինի, ռիսկի կգնա՞ք հաղթանակի համար:
— Դա խաղի սցենարը կթելադրի: Որոշումները տվյալ պահին պետք է կայացվեն:
— Որո՞նք են գլխավոր խնդիրները, որ նախորդ խաղը չստացվեց:
— Եթե հանգիստ, առանց էմոցիաների հանդիպումը դիտենք, առաջին խաղակեսում լավ կոմբինացիաներ էին ստացվում հատկապես աջ կողմից: Ճիշտ է՝ վերջնական փոխանցումը և հարվածը չէր ստացվում: Երբ գոլ ընդունեցինք, մրցակիցը խորն էր պաշտպանվում, մեր գործը դժվարացել էր: Ինչևէ, հանդիպումը 1:1 ավարտվեց: Այդ ամենը մոռացել ենք, պատրաստվում ենք առաջիկա խաղին:
— Արդյո՞ք թիմը ամբողջովին վերականգնվել է: Արտակ Գրիգորյանը կկարողանա մասնակցի՞ խաղին:
Այո, թիմը ընկճված չէր: Վաղը փորձելու ենք մեր լավագույն խաղերից մեկն անցկացնել: Այսօրվա մարզումից հետո բժիշկները կորոշեն՝ Արտակը կկարողանա խաղալ, թե ոչ:
— Ձեր կարծիքով ֆուտբոլիստները արեցի՞ն այնպես, որ Մխիթարյանի բացակայությունը չզգացվի:
Հոգեբանորեն, նվիրվածության առումով՝ այո: Որոշ ֆուտբոլիստների մոտ պատճառը ոչ թե նվիրվածության պակասն էր, այլ լինում է, որ որոշ խաղացողների մոտ տվյալ օրը չի ստացվում: Մխիթարյանը զանգահարում է, քաջալերում է տղաներին, ինձ հետ էլ է խոսել. այդ ամենը մեզ ուժ է տալիս:
— Արթուր Միրանյանն ի՞նչ վիճակում է. նա մարզմանը վնասվածք էր ստացել:
Դեռ պարզ չէ: Դժվար թե նա լինի հայտացուցակում: