«Բարսելոնան» չի կարող իրեն թույլ տալ հարձակվող Ուսման Դեմբելեին տարեկան 8 մլն եվրոյից ավելի բարձր աշխատավարձ առաջարկել: Այս մասին հայտնում է El Chiringuito-ն Թվիթերի իր էջում:
Կատալոնական ակումբը մտադիր է կենտրոնանալ Գավիի հետ պայմանագրի երկարաձգման վրա, ընդ որում իր թիմում մտադիր է պահել նաև ֆրանսիացուն: Ավելի վաղ հաղորդում էր, որ Դեմբելեի հետ բանակցություններից է կախված նաև «Բարսելոնայի» տրանսֆերային քաղաքականությունն ամառվա համար: Եթե Դեմբելեն չմնա ակումբում, կատալոնացիները կարող են ձեռք բերել «Լիդսի» հարձակվող Ռաֆինիային:
24-ամյա Դեմբելեն «Բարսելոնա» է տեղափոխվել «Բորուսիայից» 140 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, դարձել է 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում: