ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին երազում է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին, հայտնում է Defensa Central-ը։
Հակիմին նպատակ ունի հետևել իր թիմակից Կիլիան Մբապեի օրինակին։ «Պարի Սեն Ժերմենի» աջ պաշտպանը երազում է վերադառնալ իր նախկին ակումբ, քանի որ գոհ չէ փարիզյան թիմում տիրող մթնոլորտից։
Հակիմին չկարողացավ տեղ ապահովել մադրիդյան ակումբի կազմում Զինեդին Զիդանի գլխավորությամբ և 2018 թվականին երկու տարով վարձավճարով մեկնեց Դորտմունդի «Բորուսիա»: Հետո պաշտպանը հայտնվեց «Ինտերում», որտեղ նա լավ մրցաշրջան անցկացրեց, սակայն միլանյան ակումբը ստիպված էր նրան վաճառել ՊՍԺ-ին` ֆինանսական խնդիրների պատճառով։
Հակիմին այնքան էլ չի հարմարվել «Պարկ դե Պրենսում», որտեղ թիմում ձևավորվել են խմբեր, իսկ հանդերձարանում մթնոլորտն այնքան էլ առողջ չէ։
Այժմ պաշտպանը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Սակայն ավելի վաղ հաղորդվում էր, որ Արքայական ակումբը առայժմ հրաժարվում է նման հնարավորությունից: