Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ մարտի 24-ին, Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հավաքականի հետ։
Թիմերը պատմության մեջ հանդիպում են 3-րդ անգամ։ Նախորդ երկու անգամները մեր հավաքականներն անցկացրել են պաշտոնական մրցաշարի շրջանակում։ Աշխարհի 2018 թվականի որակավորման փուլում 2016-ի նոյեմբերին մեր ընտրանին սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթեց Չեռնոգորիային։ Մրցակցի հարկի տակ կայացած պատասխան խաղում մերոնք արդեն պարտվեցին՝ 4-1․ դա 2017-ի հունիսի 10-ն էր։
Կարելի է համարել, որ այս հավաքականների դիմակայությունում հաշիվը 1-1 է, իսկ այսօր, թեպետ ընկերական խաղում, բայց՝ եզրափակիչը։
Հայաստանի հավաքականը մարզական հավաքը սկսել է մարտի 21-ից։ Հայտնի է դարձել, որ մեր թիմը կորուստներով է մոտենում այս խաղին․
⚽ Հովհաննես Համբարձումյանը Covid-19 դրական թեստի պատճառով բաց կթողնի հավաքն ու առաջիկա խաղերը։ Նրա փոխարեն թիմին միացել է «Նոայի» պաշտպան Ժորդի Արարատը։
⚽ Մարտի 21-ին հայտնի դարձավ, որ Սարգիս Ադամյանը ևս չի միանա հավաքականին` իր թիմի կազմում վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանը։
⚽ Իր ակումբի վերջին խաղում ստացած վնասվածքի պաճառով Հայաստանի հավաքականին չի միանա նաև Լուկաս Սելարայանը։
Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանի հավաքականում կան նաև նոր անուններ․ առաջին անգամ ազգային թիմին են միացել ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Ստյոպա Մկրտչյանը և Արթուր Սերոբյանը, ինչպես նաև «Փյունիկը» ներկայացնող Հովհաննես Հարությունյանը։
Ի դեպ, Խոակին Կապառոսի հետ նախախաղային մամուլի ասուլիսին երեկ ներկայացավ նորեկներից Ստյոպա Մկրտչյանը՝ ասելով, որ Հայաստանի հավաքական հրավիրվելն իր մանկության երազանքն է եղել և որ ուսումնասիրել են մրցակցին ու կփորձեն այս ամենն օգտագործել խաղադաշտում։
Չեռնոգորիայի դեմ խաղն առաջինը կլինի մեր հավաքականի համար թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ միջազգային կարիերան ավարտելու որոշումից հետո։ Բայց հավաքականի գլխավոր մարզիչը հանգստացնում է․ «Ի՞նչ ենք անելու առանց Հենո. արդեն փորձ ունենք առանց Մխիթարյանի խաղեր անցկացնելու: Կարևորն այն է, որ թիմը շարունակի աճ գրանցել և առաջադիմել իր խաղային որակներով»։ Այս ամենի հետ մեկտեղ Կապառոսն, իհարկե, չի մոռանում ընդգծել, որ Մխիթարյանի հետ աշխատելը մեծ հաճույք էր և որ նա իր տունն ունի՝ հանձին Ֆուտբոլի ֆեդերացիայի։
Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամը 20:00-ին, իսկ մարտի 29-ին Օսլոյում մեր ընտրանին հաջորդ ընկերական խաղում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։
Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակն այսօրվա խաղի համար՝ ստորև․