ՈՒԵՖԱ-ի ֆինանսական նոր կանոնները խախտելու համար պատիժամիջոցներ է սահմանել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն չեղյալ կհայտարարի ֆինանսական ֆեյր-փլեյը և կներկայացնի նոր կանոններ։ Աշխատավարձի շեմ չի լինի, ակումբները 3 մրցաշրջանի համար կկարողանան ծախսել իրենց եկամտի 70%-ից ոչ ավելին։
Ինչպես նշում է The New York Times-ը, նոր համակարգի համաձայն՝ ՈւԵՖԱ-ն իրավունք կունենա խախտողների նկատմամբ կիրառել ինչպես սպորտային, այնպես էլ ֆինանսական պատժամիջոցներ՝ ներառյալ տուգանքներ, մրցաշարերից հեռացնելու հնարավորություն։
Նաև առաջին անգամ հնարավոր կլինի թիմերի իջեցում երեք ընթացիկ եվրոպական մրցաշարերի միջև՝ ֆինանսական կանոնները խախտելու պատճառով։ Օրինակ՝ կանոնները խախտած թիմը կարող է Չեմպիոնների լիգայից իջնել Եվրոպա լիգա, Եվրոպայի լիգայից՝ Կոնֆերենցիաների լիգա:
Մեկ այլ միջոց կարող է ներառել ակումբից միավորների հանումը Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի նորացված ձևաչափի համաձայն:
Հովանավորչական գործարքներն ավելի ուշադիր կուսումնասիրվեն այն պնդումների ֆոնին, որ որոշ ակումբներ շոշափելիորեն օգուտ են քաղել իրենց սեփականատերերի հետ կապված ընկերությունների հետ ուռճացված պայմանագրերից: ՈւԵՖԱ-ն արդեն նոր միջոցներ է քննարկում այն ակումբների նկատմամբ, որոնք ֆինանսական վատ ցուցանիշներ ունեն: Այս թիմերը, որոնք թվով 40-ն են, այսպես կոչված կարգավորման համաձայնագրեր են կնքել ֆուտբոլի ղեկավար մարմնի հետ, որպեսզի շարունակեն մասնակցել մրցաշարերին։