Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ընդունել է «Լիվերպուլին» և պարտություն կրել գոլառատ խաղում: Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է մերսիսայդցիների՝ 3-2 հաշվով հաղթանակով:
Հանդիպման հաշիվը խաղի հենց մեկնարկում բացել են հյուրերը.8-րդ րոպեին Մոհամեդ Սալահն առաջ է մղել «Լիվերպուլին», իսկ 13-րդ րոպեին Նաբի Կեյտան խփել է իր թիմի երկրորդ գնդակն այս խաղում: Տանտերերը հաշվի հավասարակշռությունը վերականգնել են մինչև ընդմիջում՝ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի ջանքերով. վերջինս աչքի է ընկել նախ 20-րդ, ապա 34-րդ րոպեներին՝ դառնալով դուբլի հեղինակ:
Երկրորդ կեսի մեկնարկում, սակայն, Գրիզմանը կոպիտ խաղի համար հեռացվել է խաղադաշտից՝ իր թիմին թողնելով 10 հոգով: Գր «Լիվերպուլի» կազմում հաղթական գնդակը հեղինակել է Մոհամեդ Սալահը՝78-րդ րոպեին անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցն ու ևս դառնալով դուբլի հեղինակ:
Նշենք՝ խաղավարտին մադրիդյան թիմի ֆուտբոլիստները կարող էին նորից հավասարեցնել հաշվի հավասարակշռությունը, սակայն VAR-ի օգնությանը դիմելուց հետո գլխավոր մրցավարը չեղարկել է 11-մետրանոց նշանակելու իր որոշումը:
Խմբի մյուս խաղում «Պորտուն» սեփական հարկի տակ ընդունել է «Միլանին» ու նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Հանդիպման միակ գնդակը 65-րդ րոպեին հեղինակել է Լուիս Դիասը:
Այս հանդիպումից հետո «Լիվերպուլը» իր միավորների թիվը հասցել է 9-ի ու գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը, «Ատլետիկոն» և «Պորտուն» 4-ական միավորով զբաղեցնում են 2-րդ և 3-րդ հորիզոնականները համապատասխանաբար,իսկ «Միլանը», 0 միավորով, եզրափակում է աղյուսակը: