Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունել է «ՌԲ Լայպցիգին» և 3-2 հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 9-րդ րոպեին բացել է փարիզեցիների ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, 28-րդ րոպեին Անդրե Սիլվան հավասարեցրել է հաշիվը,իսկ երկրորդ կեսի մեկնարկում Նորդի Մուկիելեն առաջ է մղել գերմանական թիմին: Այնուհետև, ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դուբլ է ձևակերպել ու հաղթանակ պարգևել իր թիմին: Մեսսին նախ 67-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը՝ այն դարձնելով 2-2, իսկ 7 րոպե անց նաև երկրորդ ու հաղթական գնդակն է խփել՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:
Հանդիպման վերջին վայրկյաններին ՊՍԺ-ն ևս մեկ 11-մետրանոցի իրավունք է վաստակել,սակայն Կիլիան Մբապեն վրիպել է:
Այս հանդիպումից հետո ՊՍԺ-ն վաստակել է 7 միավոր ու բարձրացել A խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: «ՌԲ Լայպցիգը» դեռևս միավոր չի վաստակել:
A խմբի՝ այսօր ավելի վաղ կայացած խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցել է բելգիական «Բրյուգեի» հետ և 5-1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել: 3 տուրից հետո Խոսեպ Գվարդիոլայի սաները 6 միավոր ունեն իրենց ակտիվում ու գտնվում են 2-րդ տեղում: «Բրյուգեն» 4 միավորով երրորդն է: