Այսօր՝ հունվարի 21-ին իր ծննդյան 31-րդ տարեդարձն է նշում Հենրիխ Մխիթարյանը:
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպանը հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ներկայիս առաջատարն ու ֆուտբոլային դեսպանն ամբողջ աշխարհում:
Հենրիխը «Փյունիկի» սան է, երևանյան ակումբից տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», այնուհետև «Շախտյոր»: «Հանքափորների» կազմում փայլուն ելույթներից հետո ավելի բարձր մակարդակում Մխիթարյանի աստղը փայլել է Դորտմունդի «Բորուսիայում»: Հաջորդ քայլը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, որտեղ Մխիթարյանը դարձավ Եվրոպա լիգայի հաղթող: Տեղափոխություն «Արսենալ», այնուհետև վարձավճարով «Ռոմա». սա է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունների ուղին:
Մխիթարյանը 2007 թվականից հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում, այժմ մեր ընտրանու ավագն է:
ArmSport-ը շնորհավորում է Հենրիխին՝ մաղթելով նորանոր հաջողություններ կարիերայում և անձնական կյանքում: