Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովն այսօր ժամանել է Երևան, այցելել է Երևանի Օլիմպավան, որտեղ հանդիպում է ունեցել բռնցքամարտի աշխարհի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև պատասխանել է լրագրողների հարցերին:
Խոսելով բռնցքամարտում առկա խնդիրների մասին Կրեմլյովն ասել է. «Խնդիրներից գլխավորն այն է, որ այսօր աշխարհում բռնցքամարտով զբաղվողների թիվը շատ քիչ է: Բռնցքամարտը միշտ էլ խնդիրներ ունեցել է, քանի որ աշխատել է հին մեթոդներով: Իմ ընտրվելուց հետո բազմաթիվ փոփոխություններ ենք կատարել: Իմ նախագահության ընթացքում ազգային ֆեդերացիաներին տրվել է ընդհանուր առմամբ 7 միլիոն դոլար: Ամեն ազգային ֆեդերացիա ներկայացնում է, թե ինչի կարիք ունեն, մենք էլ նայում ենք, թե ով ինչի կարիք ունի ու ֆինանսավորում ենք»,-ասաց ԱԻԲԱ-ի նախագահը:
Ումար Կրեմլովը մարզաձևի զարգացման գործում կարևորում է ԶԼՄ-ների դերը. «Մենք աշխատում ենք այնպես անել, որ հնարավորինս չափ շատ ԶԼՄ-ներ ներկայացնեն մեր առաջնություններն ուղիղ եթերում: Ես անձամբ այցելում եմ տարբեր երկրներ, կոնտակտի մեջ եմ ոչ միայն ազգային ֆեդերացիաների նախագահների հետ, այլ նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների»,-նշեց բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը:
Խոսելով հայկական բռնցքամարտի մասին նա ասաց. «Նպատասկ այն է, որ Հայաստանում բռնցքամարտը դառնա առաջնային մարզաձև, ունենա չեմպիոններ, մարզաձևը մասսայական լինի, քանի որ բռնցքամարտը կյանքի դպրոց է: Բռնցքամարտը իմ հոբին է, իմ կյանքն ու ապրելակերպը: Նախատեսում ենք հաջորդ տարի Երևանում անցկացնել միջազգային մրցաշար: Հնարավոր է նաև Եվրոպայի որևէ տարիքային առաջնություն անցկացնենք»:
ԱԻԲԱ-ի նախագահը խոսեց նաև բռնցքամարտում մրցվարական խնդիրների մասին. «Հիմնականում փորձում եմ ներկա լինել բոլոր մրցաշարերին: Հատուկ ստուգող հանձնաժողով կա, որը մենամարտերից հետո ստուգում է մրցավարական գործողությունները ու եթե մրցավարն է լինում մեղավոր, շատ խիստ որակազրկման է արժանանում»,-ասաց Կրեմլյոսվը: