Չնայած պանդեմիայի հետ կապված ֆինանսական լուրջ խնդիրներին, հայտնի է դարձել, որ ՈւԵՖԱ-ի նախագահի և գլխավոր քարտուղարի աշխատավարձերը բարձրացել են նախորդ մրցաշրջանի համեմատ, իսկ կառույցի որոշ աշխատակիցներինը՝ նվազել։
Ըստ Calcio Finanza-ի՝ ՈւԵՖԱ-ի նախագահի աշխատավարձը բարձրացել է մոտ 450,000 եվրոյով: Ալեքսանդր Չեֆերինը 2019/20 մրցաշրջանում ստացել է 2.19 մլն․ եվրո աշխատավարձ (առանց հարկերի):
Ըստ զեկույցի՝ ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսի աշխատավարձն աճել է 164 հազար եվրոյով: Ընդհանուր առմամբ, այն կազմել է 1,23 միլիոն:
Մյուս կողմից, համաճարակի երեք ամիսների ընթացքում կամավոր սկզբունքներով 20% կրճատման արդյունքում կառույցի փոխնախագահի աշխատավարձը նվազել է 12.5 հազարով, իսկ գործադիր կոմիտեի անդամների աշխատավարձերը` 8 հազարով:
Հարկ է նշել, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վերջերս տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել էր Լա Լիգայի և ՈՒԵՖԱ-ի գործունեության թափանցիկ լինելուն՝ նշելով, որ կասկածներ ունի պանդեմիայի պատճառով տվյալ կառույցներում աշխատավարձերի կրճատման վերաբերյալ։ Նշենք նաև, որ Լա Լիգան և ՈՒԵՖԱ-ն կտրականապես դեմ էին արտահայտվել Սուպերլիգայի ստեղծմանը, որի հիմնադիրներից մեկը հենց Պերեսն է։