Հայաստանի Պրեմիեր-լիգայի հերթական տուրի խաղում «Լոռին» Երևանում պետք է մրցեր «Արարատի» հետ, սակայն վանաձորյան թիմը հրաժարվել է մասնակցել խաղին։
Հանդիպման գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանի մեկնարկային սուլիչից հետո «Լոռիի» ֆուտբոլիստները լքել են խաղադաշտն ու հավաքվել պահեստայինների նստարանի մոտ։ Մրցավարական բրիգադը մոտ հինգ րոպե սպասել է զարգացումներին, սակայն ոչինչ տեղի չի ունեցել․ «Լոռին» չի վերադարձել խաղադաշտ։ Ըստ ամենայնի, վանաձորյան թիմին կգրանցվի տեխնիկական պարտություն։
«Լոռին» այս կերպ իր դժգոհությունն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկման կոմիտեից․ ակումբն ավելի վաղ հայտնել էր, որ սպասում է «արդարացի որոշման»։ Մեր տեղեկություններով, վանաձորյան թիմը դեռևս պատասխան չի ստացել։
Ակումբն ավելի վաղ հետևյալ հայտարարությունն էր տարածել։
«Լոռի ՖԱ-ն 2020 թվականի օգոստոսին դիմել էր ՀՖՖ բողոքարկման կոմիտե՝ ԲԽ 1-ին տուրի Ուրարտու — Լոռի ՖԱ խաղի վերաբերյալ ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշումը (Լոռի ՖԱ-ին գրանցել տեխնիկական պարտություն)՝ COVID-19-ով պայմանավորված բեկանելու համար։
Ակումբը նաեւ սույն թվականի մարտի 2-ին դիմել էր ՀՖՖ բողոքարկման կոմիտե՝ ԲԽ 7-րդ տուրից հետաձգված Լոռի ՖԱ — Ալաշկերտ խաղում ֆուտբոլ խաղի կանոնների խախտման (4-րդ դադարով փոփոխություն կատարելու համար) պատճառով հյուր թիմին տեխնիկական պարտություն գրանցելու նպատակով։
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ՀՖՖ բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվելու են վերոնշյալ երկու հարցերը։ Լոռի ՖԱ ներկայացուցիչները մասնակցելու են լսումներին։
Լոռի ՖԱ-ն լիահույս է, որ այսօր ՀՖՖ գրասենյակում կայացվելու են բացառապես անաչառ եւ արդար խաղի կանոններին հարիր որոշումներ»։