«Էվերթոնի» և Շվեդիայի հավաքականի դարպասապահ Ռոբին Օլսենը զինված հարձակման է ենթարկվել:
Daily Mail-ը հայտնում է, որ անհայտ անձինք ներխուժել են շվեդ դարպասապահի տուն, երբ ֆուտբոլիստի ամբողջ ընտանիքը տանն է եղել: Նրանք Օլսենին, նրա կնոջն ու փոքրիկ աղջկան սպառնացել են մաչետեով՝ մինչ տանը փնտրել են թանկարժեք զարդեր ու արժեքավոր այլ իրեր: Հաղորդվում է, որ որևէ մեկը ֆիզիկապես չի տուժել:
Բրիտանիայի ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել: «Էվերթոնը» պատրաստ է դարպասապահին ու նրա ընտանիքին ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը, ինչպես նաև ֆուտբոլիստներին զգուշացրել է, որ հարձակումը կարող է իրականացված լինել կազմակերպված հանցավոր խմբի կողմից:
Հաղորդվում է, որ այս միջադեպի արդյունքում ԱՊԼ-ի ակումբների մեծամասնությունը սկսել է մտածել ֆուտբոլիստներին թիկնապահներ տրամադրելու մասին: